News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ հինգերորդ երկիրը՝ Հայաստանը, ցավոք, հանձին ներկա ղեկավարության, շարժվում է ուղիղ հակառակ ուղղությամբ, եւ ռուսական տեսակետից անցնում է հակառակորդի կողմը Ռուսաստանի եւ Արեւմուտքի գոյաբանական հակամարտության պայմաններում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ընթացքում ասել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի համալիր եվրոպական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։

Ռուս փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ երկրներն այժմ գտնվում են եւ գտնվելու են շատ բարդ վիճակում, քանի որ անգամ ոչ թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունը, այլ ակտիվ եւ բացահայտ հակամարտությունը, հիբրիդային պատերազմը կշարունակվեն նույնիսկ այն բանից հետո, երբ այս կամ այն կերպ դադարեցվի պատերազմն Ուկրաինայում։

«Եվ այդ ամբողջ ժամանակ Արեւմուտքը ՀԱՊԿ երկրների, ներառյալ Հայաստանի վրա կգործադրի մեծ ճնշում եւ կփորձի օգտագործել նրանց Ռուսաստանի դեմ պայքարում»,- կարծում է Սուսլովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ նախաձեռնողն է ճակատի ողջ գծում, իսկ ռազմական տեխնիկայի եւ զինամթերքների մոբիլիզացիոն պոտենցիալի որակական գերակշռությամբ Արեւմուտքին հազիվ թե հաջողվի հօգուտ իրեն շրջել Ուկրաինայում ուժերի հավասարակշռությունը կարճաժամկետ հեռանկարում, եւ, առավել եւս, հազիվ թե հաջողվի վերստեղծել այն իրավիճակը, որը գոյություն ուներ 2022թ. վերջին, երբ հենց Ուկրաինան ուներ որակական եւ քանակական գերազանցություն մարտադաշտում։

Ռուս փորձագետի կանխատեսումներով՝ պատերազմն Ուկրաինայում կտեւի բավական երկար եւ չի ավարտվի խաղաղության պայմանագրով ու վերջնական քաղաքական եւ տարածքային կարգավորմամբ։

Նրա կարծիքով՝ եվրոպական երկրների մի մասը, գուցե, դուրս կգա հակառուսական կոալիցիայից, բայց մեծ մասը, ներառյալ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, անկասկած, կմնան դրանում եւ կպահպանեն կոշտ հակառուսական մոտեցումը երկար տարիների համար։ Ինչպես նաեւ ԱՄՆ-ն է գոյաբանական պայքարի մեջ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։

«Ուստի Ուկրաինայում Ռուսաստանի գերազանց կամ մասնակի հաղթանակը ինքնաբերաբար կտանի հակառուսական գործողությունների ուժեղացման մյուս բոլոր ճակատներում եւ տարածաշրջաններում ամենուրեք, որտեղ դա հնարավոր է, ներառյալ Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան»,- նշել է նա։

Ռուս փորձագետի խոսքով՝ արդեն այժմ ՀԱՊԿ երկրների վրա ճնշումը եւ նրանց հետ «խաղեր տալը» ուժեղանում են, եւ դա կուժեղանա էլ ավելի Ուկրաինայի պարտվելուն զուգընթաց եւ, առավել եւս, կուժեղանա Ուկրաինայում հրադադարից հետո, ոչ թե վերջնական կարգավորումից, այլ հրադադարից հետո։

«Եվ դա իսկապես ՀԱՊԿ երկրներին դնում է դժվար վիճակի մեջ։ Որովհետեւ հրաժարվել Ռուսաստանից, երես թեքել նրանից, մանավանդ Ուկրաինայում նրա հաղթանակի պայմաններում, հիմարություն է եւ վտանգավոր։ Այդ հաղթանակից հետո Ռուսաստանը կամրացնի իր ազդեցությունը եւ ներկայությունը տարածաշրջանում եւ կունենա, ի դեպ, ամենաուժեղ մարտունակ, եւ որ գլխավորն է՝ մարտերում թրծված եւ ժամանակակից Զինված ուժերը Եվրասիայում, որոնք գիտեն, թե ինչ է 21-րդ դարի բարձր ինտենսիվության պատերազմը, եւ կունենա ամենահզոր ռազմարդյունաբերական համալիրը, դե, համենայն դեպս, եթե չհաշվենք Չինաստանը։ Եվ միեւնույն ժամանակ, լիովին շրջվել դեպի Ռուսաստանը Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության շարունակման պայմաններում նույնպես անհնար է կամ անցանկալի ՀԱՊԿ երկրների համար, որովհետեւ դա նշանակում է լիովին դառնալ Արեւմուտքի թշնամի, լրիվ ջնջել հարաբերությունները նրա հետ եւ խաչ քաշել բազմավեկտոր արտաքին քաղաքականության վրա»,- ընդգծել է Դմիտրի Սուսլովը։

Նրա կարծիքով՝ այս առնչությամբ առավել օպտիմալ եւ անվտանգ ռազմավարությունը ՀԱՊԿ երկրների համար ամեն կերպ ստատուս քվոյի պահպանումն է, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումը, բայց ոչ ամբողջությամբ նրա կողմն անցնելը Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ առճակատման հարցերում, չանցնել Արեւմուտքի կողմը Ռուսաստանի դեմ։

«Վերջինը հղի է, առավելագույնը, պետականության կորստով, նվազագույնը՝ տարածքային ամբողջականության էական կորստով։

Թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն երկրներին, որոնց մեջ պլացդարմ կամ Արեւմուտքի հակառուսական քաղաքականության գործիք է տեսնում, այսօր տեսնում ենք Ուկրաինայի օրինակով։ Ամենաեղբայրական ժողովրդի։ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանն էլ ավելի ուժեղ կդառնա»,- հայտարարել է նա։

Սուսլովի խոսքով՝ ՀԱՊԿ երեք անդամներ՝ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, պահպանում են ստատուս քվոն, լիովին չեն անցնում Ռուսաստանի կողմը եւ չեն անցնում Արեւմուտքի կողմը Ռուսաստանի դեմ։

ՀԱՊԿ չորրորդ երկիրը՝ Բելառուսը, ստիպված էր մեկուսանալ Արեւմուտքից՝ հանգամանքների բերումով։

Իսկ ահա ՀԱՊԿ հինգերորդ երկիրը՝ Հայաստանը, Սուսլովի խոսքով, «ցավոք, հանձին իր ներկա ղեկավարության, շարժվում է ուղիղ հակառակ ուղղությամբ, եւ ռուսական տեսակետից... անցնում է հակառակոդի կողմը Ռուսաստանի եւ Արեւմուտքի գոյաբանական հակամարտության պայմաններում, երբ Արեւմուտքը հռչակում է Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու նպատակ, անգամ չնայած այն բանին, որ պրակտիկան ցույց է տվել այդ ռազմավարական պարտության անհնարինությունը այն պայմաններում, երբ Արեւմուտքը  նախկինի պես հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ լուրջ երկխոսությունը եւ խաղաղ կարգավորումը Ռուսաստանի համար ընդունելի պայմաններով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ