Իսրայելի ռազմական հարվածներն Իրանին լուրջ սխալ կլինեն, որոնք հղի են անկանխատեսելի հետեւանքներով: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստիի», հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելելով, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի միջազգային հանրության կողմից ընդունված սկզբունքների եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա:

Առաջին անգամ չէ, որ Իսրայելի պաշտոնական դեմքերը հիշեցնում են Իրանին հարվածելու հնարավորության մասին: Մեր դիրքորոշումն այդ հարցում լավ հայտնի է»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ միջազգային խնդիրների ռազմական լուծումները չեն աշխատում, միայն ավելի են խորացնում խնդիրը: «Մենք դրանում համոզվում ենք ամեն օր: Մենք տեսնում ենք, թե ինչպես են լուծվում Իրանի շուրջ խնդիրները. լինի Իրաքում, Աֆղանստանում, կամ այդ տարածաշրջանի այլ երկրներում: Ռազմական միջամտությունը հանգեցնում է միայն զոհերի մի քանի անգամ բազմապատկման եւ մարդկային տառապանքների»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ մի քանի օր առաջ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Իսրայելի հեռուստատեսության 2-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց երկիրը գնալով ավելի է հակվում Իրանի խնդրի ռազմական լուծմանը, համարելով, որ խնդրի լուծման դիվանագիտական տարբերակն ավելի քիչ հավանական է:

Դրանից առաջ, լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը փորձում են կառավարությունում հավանություն ստանալ Իրանին ռազմական հարված հասցնելու հարցում: