News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Այսօր` փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։

Տեղում պարզվել է, որ Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։ «Նիվա»-ն, «Mercedes»-ը «06»-ը ամբողջովին վնասված են և ըստ օպերատիվ տեղեկությունների «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ շենքերի մի թաքուն տեղ կանգնել է։ Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինն էլ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ « Թողնես կասեն թուրքը կոտորում ա մեզ, լրիվ «մի կաթիլ մեղրի» պատմություն։ Ճիշտ ա, մի հոգի մահացել է, բայց եթե ոստիկաններն ու պարեկները մի փոքր ուշանային, զոհերի ավելի շատ կլիներ։ «Hummer»-ի տերն էլ Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։ Էն սպիտակ «Mazda»-ն էլ թե խի ջարդեցին, չգիտենք։ Ամոթ ա, էս մեր գյուղը երբ ա սենց պատմության մեջ հայտնվել։

Միշտ հանգիստ ա եղել գյուղում վիճակը։ Թե էսօր ինչ սատանա ա մտել սրանց մեջ, չգիտենք։ Ամիսներ առաջ էր էլի ավտոներ էին ջարդել։ Ոստիկանները բռնեցին, տվեցին քննիչներին, քննիչներն էլ տարան դատարան, դատարանը բաց թողեց ու մեղավորը ոչ թե ոստիկաններն ու քննիչներն են, այլ մեր որոշ «արդար» դատավորներ»։Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, թե դատարանը ուրեմն լուրջ հիմքեր չի տեսել, դրա համար էլ գուցե բաց է թողել, քաղաքացիներն ասում էին․ «Համենայն դեպս էն ժամանակ ոստիկաններն ու քննիչները իրենց գործը արեցին, իսկ այսօր էլ ոստիկանների ու պարեկների շնորհիվ գոնե ժամանակավորապես «վենդետան» կանխվեց»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա ու ոստիկաններն ու քննիչները պարզում են «Mercedes»-ի հրդեհման դեպքը կապ ունի նշված միջադեպի հետ, թե ոչ։ 

Տպել
Ամենաշատ