News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Մյունխենից և Փարիզից հետո Հայաստանի համար նոր իրականություն է ձևավորվել։ Մեկ հոգին կայացնում է միակամ ճակատագրական որոշումներ. նրա մոտիվացիաները պարզ չեն, ու այս պահին նրա ձեռքը բռնելու ու զսպման մեխանիզմ չկա։ Սա նշանակում է, որ առժամանակ նա անելու է այն, ինչ ուզում է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա ուղղակի պարտադրում  է, որ  դեռևս քիչ թե շատ կենսունակ շրջանակները  դառնան համարժեք այդ Նորին։ Կհասկանանք պարտադրանքը, թե ոչ՝ այլ հարց է։ Շարունակել հին իներցիայով՝  սպասելու ենք աղետի հերթական սերիային, որի ոչ ծավալները, ոչ հետևանքները գուշակել հնարավոր չէ։

Նոր իրականության պարամետրերը

Հայաստանը դառնում է խոշոր տերությունների բացահայտ բախման թատերաբեմ։Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան։ Հերթում Իրանն է։ Եթե մինչ այս ուժային կենտրոնների հակամարտությունը Հայաստանում գնում էր քիչ թե շատ սուվերեն երկրի և խաղի կանոնների պահպանմամբ, ապա հիմա դա չի լինելու։ Բախման ցանկացած դրսևորում տեսնելու ենք, և այդ ծայրահեղ վտանգավոր նոր խաղի կանոնի հեղինակը Հայաստանն է։

Ներքին խառնաշփոթ. ներքին բազմապիսի, բազմավեկտոր այլանդակ պրոցեսներ, խմորումներ։ Պետության ներքին հոմեոստազը խաթարվել է։

Ով ում հետ ինչ հաշիվ ունի՝ փորձելու է պարզել։ Հին-նոր հարցեր, բիզնես, անձնական, և այլն և այլն։ Պատահական չէր օրեր առաջ մեծ խումբ արցախցիների ուղղորդումը ունևոր արցախցիների դեմ։ Պարարտ հող կա, էմոցիոնալ ֆոն կա. թիրախներ կգտվեն, կնշանակվեն, կձևակերպվեն։ Ոչ ոք ապահովագրված չէ։ Նույնը լինելու է զուտ ներհայաստանյան կապիտալի և թիրախների հանդեպ։ Ցինիկ չհնչի, բայց այս փուլում կենդանի մնալն արդեն ձեռքբերում է։

Հրեշավոր մեղադրանքների ուժգնացում՝ սկսած մակրոթեմաներից. «ով բերեց Նիկոլին», «ով հանձնեց Արցախը» մոտիվներից մինչև՝ ով որ զինվորի մահվան պատճառ դարձավ։ Սա ցանկացած քանդվող, «սիրիացման գնացող» երկրի ներքին բովանդակությունն է։

Պետական համակարգը սկսելու է մի պահից «սբոյներ» տալ։ Գնալու են տոտալ աշխատանքային իմիտացիայի։ Ռեպրեսիաները է´լ ավելի կարագացնեն պրոցեսը։ Այսօր արդեն որևէ նորմալ մարդ չի ուզում այս իշխանության հետ աշխատել։

Ռեպրեսիվ համակարգն աշխատելու է անվերահսկելիորեն։ Ով ում ուզեց՝ բռնել է տալու։

Հասարակությունը մնացել է անտեր

Իշխանության արկածախնդրությունը միշտ հանգեցնում է պետության արտաքին խոցելիությանը և  ներքին անտերությանը։

Նման իրավիճակում անտերությունն ու անպաշտպանությունը գրեթե հոմանիշներ են։ Ոչ ոք Հայաստանում իրեն պաշտպանված չի զգալու, մյուս կողմից՝ սա դառնում է բոլորին միավորող գործոն։

Հարուստներն էլ են անպաշտպան, աղքատներն էլ,

Նիկոլին ձայն տված 680 հազարը մնացել է անտեր,

270 հազարանոց ընդդիմադիր որակյալ ընտրազանգվածը մնացել է անտեր,

Չքվեարկածները, տանը մնացածները, «քաղաքականությամբ չզբաղվողները» մնացել են անտեր,

ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ մնացել է անտեր, բայց դեռևս չի գիտակցում,

Հայաստանցին մնացել է անտեր, արցախցին մնացել է անտեր, սփյուռքը մնացել է անտեր,

Մեծ հաշվով, պետությունը մնացել է անտեր ու անպաշտան։ Սա ահռելի ռիսկերով իրականություն է։

Արագ հետևություններ.

Ճիշտ հասկանալ նոր իրականության ողջ ռիսկայնությունը,

Վերաձևակերպել ընդդիմություն գաղափարը և գնալ արագ վերակազմավորման։ Չկառչել առկա ձևաչափերից ու չհաշվարկել հաջորդ իշխանության մեջ սեփական մասնաբաժինը։ Հաջորդ իշխանության պետությունն ուղղակի կարող է չլինել։

Սկսել ներհանրային հաշտեցման և միջընտրազանգվածային երկխոսություն։ Հին ընտրազանգվածներն արդեն պատմություն են, և չի կարելի հասարակության մասին ունենալ այդ հին պատկերացումները։ Հետևաբար՝ հաշտություն, ներքին երկխոսություն՝ բոլոր մակարդակներով, բոլորը բոլորը բոլորի հետ։ Պետական համակարգի, ՔՊ-ի, փողոցի, ուժայինների։

Պետական արկածախնդրության հակաթույնը ներքին երկխոսությունն է։ Այսօր բոլորիս թիվ մեկ խնդիրը, միավորող իդեան նոր իշխանության ձևավորումն է։ Այդ ճանապարհին պետք է գտնել ու համագործակցել բոլոր բնական դաշնակիցների հետ։

Տպել
Ամենաշատ