News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիրը» քննարկել է նաև էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Բաբկեն Թունյանին նշանակելու հարցը, սակայն պատգամավորն ասել է, որ «ԱԺ-ում էլ անելիքները պակաս չեն»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք Վահան Քերոբյանի հետ տեղի ունեցածն է եղել պատճառը, որ Թունյանը հրաժարվել է պաշտոնից, իշխանական պատգամավորը պատասխանել է որ ինքը պատասխանատվությունից չի վախենում։

«Ո՛չ աշխատանք կատարելու պատասխանատվությունից, ո՛չ սխալվելու պատասխանատվությունից, ո՛չ էլ սխալների համար պատասխանատվություն կրելու պատասխանատվությունից ես չեմ վախենում։ Եթե այդպես մտածենք, պիտի որևէ գործով մարդ չզբաղվի։ Վահան Քրեոբյանի հետ տեղի ունեցածը կարող է ցանկացածի հետ տեղի ունենալ։ Վերջապես, մի մոռացեք, որ կա անմեղության կանխավարկած և Վահան Քերոբյանի հետ կապված դատարանը դեռ պետք է վճիռ արձակի»,- նշել է Բաբկեն Թունյանը։

Հիշեցնենք, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը այժմ տնային կալանքի տակ է։ Հունվարի 31-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո հարուցվել է քրեական վարույթ։ Վահան Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը։ Հարցին, թե ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Գևորգ Պապոյանի վրա, Բաբկեն Թունյանը պատասխանել է, որ նա պրոֆեսիոնալ մասնագետ է, տիրապետում է գործին, նվիրված է քաղաքական թիմի արժեքներին։ «Կարծում եմ, որ Պապոյանը բավական լավ կկարողանա կատարել այդ դերը։ Նա ԱԺ–ում անելիք ուներ, բայց գործադիրում նույնպես անելիքներ կունենա»,– նշել է իշխանական պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ