News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հունաստանի հանրային հատվածի արհմիության բարձրագույն խորհուրդը փետրվարի 28-ին 24-ժամյա գործադուլ է հայտարարել։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով, աշխատակիցների գործադուլը կընթանա «Մեր կյանքն ավելի բարձր է, քան նրանց շահույթը, մենք պահանջում ենք ավելի բարձր աշխատավարձ՝ արժանապատիվ ապրելու համար» կարգախոսի ներքո: Ակցիային միանալու են նաև մասնավոր հատվածի աշխատողները, քանի որ նույն օրը գործադուլ են հայտարարել նաև աշխատանքային կենտրոնները և մասնավոր հատվածի արհմիությունների ֆեդերացիաները, նշում է ERT-news-ը։

Հունաստանի հանրային հատվածի արհմիության բարձրագույն խորհուրդը, մասնավորապես, պահանջում է «10 տոկոսով բարձրացնել պետական հատվածի բոլոր աշխատողների աշխատավարձերը՝  բարձր ծախսերի և գնաճի խնդիրը լուծելու համար, նաև վերադարձնել 13-րդ աշխատավարձը (Զատիկի և Սուրբ Ծննդյան վճարների տեսքով), աշխատավարձի մակարդակի վերաբերյալ կոլեկտիվ պայմանագրերի կնքում, 2016-2017 թվականներին «սառեցված» աշխատավարձերի փոխհատուցում, գործազրկության աջակցության 2 տոկոս հարկի վերացում, չհարկվող տարեկան եկամուտների ավելացում մինչև 12 հազար եվրոյի չափով, վտանգավոր աշխատանքի համար նպաստների ավելացում, բոլոր կարևոր պետական մարմինների անհապաղ համալրում և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացում»:

Գործադուլի մասնակիցները չորեքշաբթի օրը հանրահավաք կանցկացնեն Աթենքի կենտրոնական Կլատմոնոս հրապարակում։

Փետրվարի 28-ին Օդային երթևեկության վերահսկողության ծառայության 24-ժամյա գործադուլին մասնակցելու մասին հայտարարել են նաև Հունաստանի ավիադիսպետչերները։ «Գործադուլի ընթացքում սպասարկվելու են միայն գործող օրենսդրությամբ նախատեսված չվերթերը»,- ասվում է ավիադիսպետչերների արհմիության հայտարարության մեջ։ Եթե հայտարարված գործադուլը կայանա, ավիաընկերությունները կչեղարկեն այդ օրը երկրի ներսում, դեպի արտասահման և արտասահմանից նախատեսված բոլոր չվերթները, նշում է հեռուստաալիքը։ Օրենքով գործադուլի ժամանակ թույլատրվում է միայն հիվանդ մարդկանց օդային փոխադրումներ, կառավարական թռիչքներ և ինքնաթիռների վթարային վայրէջքներ։

Չորեքշաբթի օրը Աթենքում հասարակական տրանսպորտը կաշխատի փոփոխված չվացուցակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ