News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը փետրվարին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը Հայաստանում  ՄԿՈւ համակարգի զարգացումը և միջազգային չափանիշներին դրա համապատասխանեցումն է: Նոր օրենքի նախագծի, ինչպես նաև Հայաստանում  միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում առկա խնդիրների շուրջ NEWS.am-ը զրուցել է Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի որակի ապահովման պատասխանատու, տնտեսագիտության թեկնածու Աննա Պարսյանի հետ:

Նախագծով ի՞նչ նոր փոփոխություններ են առաջարկվում: Ինչպե՞ս կանդրադառնան դրանք մասնագիտական կրթության և ուսուցման որակի վրա:

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով կարգավորվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի գործունեության, կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակիցների, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները՝ ապահովելով անձի նախասիրություններին, հնարավորություններին ու աշխատաշուկայի կարիքներին եւ զարգացման միտումներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի իրացումը: Նախագծով՝ էապես փոխվում է ՄԿՈՒ կրթության բովանդակությունը, թե՛ կրեդիտային համակարգի անցումը, թե՛ որակավորումներ ազգային և ոլորտային շրջանակների ներդնումը: Վերանայվում է նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման համակարգը, փոխվում են լիցենզավորման համակարգի պայմանները: Նախագծով՝ ի թիվս այլ փոփոխությունների, վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ ուսումնարանի և քոլեջի և մնում է մեկ հաստատություն՝ քոլեջ, որը կիրականացնի երկու կրթական ծրագրերը: Սակայն այս խնդիրների լուծումները դյուրին չեն: Գրեթե բոլոր քոլեջների համար գերխնդիր է սոցիալական գործընկերների և գործատուների ներգրավմամբ ու համագործակցությամբ համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագրի ուսումնամեթոդական փաթեթի մշակումն ու հաստատումը, իրականացումը և վերջնարդյունքների գնահատումը: Մեր քոլեջում մասնագիտական կրթությունը կազմակերպվում է համապատասխան ՄՈՒՀ-ի և տվյալ որակավորումների ոլորտի գործատուների համատեղ մշակած ու ՄՈՒՀ-ի հաստատած ուսումնառության մոդուլների եւ ուսումնական պլանների ժամանակացույցին համապատասխան: ՄԿՈՒ կրթական ծրագրի մակարդակի որակավորման մոդուլային ծրագրով սահմանված գիտելիքների ու կարողությունների զարգացման, դրանց գործնականում կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակով ՄՈՒՀ-ը, սոցիալական գործընկերների հետ համագործակցությամբ եւ մասնակցությամբ, իրականացնում է գործնական աշխատանքային ուսուցում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձեւերով: Կարևոր ձեռքբերում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը, որը կազմակերպվում է դուալ ուսուցման ձևաչափով՝ պրակտիկայի ընթացքում, աշխատանքի ընթացքում՝ ուսումնառություն մեթոդով: Կարելի է ընդգծել, որ նոր օրենսդրական փոփոխությամբ ավելի է կարևորում քոլեջի դերը կրթական համակարգում, ավելի մանրամասն է ներկայացվում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, կառավարման առանձնահատկությունները, սուբյեկտները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, ՄՈւՀ-ի տնտեսական հիմքերը:

Այսօր ի՞նչ գործունեություն է իրականացնում Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջը:

Քոլեջը հիմնադրվել է 1998թ. պրովիզոր-նկարիչ, բանաստեղծ Լևոն Սարգսյանի կողմից, որը մեծ ներդրում ունի ՀՀ առողջապահության զարգացման, մասանվորապես՝ դեղաբանության և դեղագործության ոլորտներում: Սարգսյանը եղել է Երևանի դեղագործարանի հիմնադիրներից մեկը, որտեղ և երկար տարիներ աշխատել է աշխատել է որպես դեղագետ-գլխավոր ինժեներ: Նրա նախաձեռնությամբ Երևանում և մարզերում մի շարք դեղատներ են բացվել: Բացի այդ, Սարգսյանը հանդիասել է ԽՍՀՄ և ՀՀ նկարիչների միության անդամ, տարբեր երկրներում ներկայացրել հայկական մշակույթը: Այսօր իր անունով փողոց կա Երևանում, որտեղ և գործում է իր տուն-թանգարանը: 2000թ. Սարգսյանի մահից հետո իր հիմնադրած «Հումանիստ» բժշկական քոլեջը անվանակոչվեց իր անունով: Այսօր քոլեջում իրականացվում է կրթություն մի շարք մասանգիտություններով, մասնավորապես՝ «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Ատամնատեխնիկական գործ», «Դեղագործություն» և «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ»:

Արդյոք ներկայումս քոլեջներն ունեն համապատասխան ռեսուրսներ և կրթական ծրագրեր՝ որակյալ կրթության ապահովման համար:

Իհարկե, նոր օրենքի նախագիծը բարձրացնում է քոլեջի դերն ու նշանակությունը ՀՀ կրթական համակարգում, սակայն ռեսուրսային ապահովվածության խնդիրը բավականին բարդ է՝ հատկապես բժշկական քոլեջների համար, քանի որ օրինակ՝ մեկ մանրադիտակի շուկայական արժեքը սկսվում է երկու հարյուր հազար դրամից, իսկ լաբորատոր և ռեսուրսատեխնիկական բազան անընդհատ համալրման կարիք ունի: Քոլեջի բյուջեն ձևավորվում է միայն ուսանողների վարձավճարների միջոցով, ամենամեծ ծախսային հոդվածը դասախոսական և վարչական կազմի աշխատավարձի ֆոնդն է: Նպատակահարմար չէ վարձը բարձրացնել, մրցակցային վտանգներից խուսափելու համար: Մեր քոլեջը կրթական ծրագրերի արդիականացման և շուկայի պահանջների բավարարման նպատակով ուսումը հնարավորինս կազմակերպում է աշխատատեղերում՝ աշխատանքի վրա հիմնված:

ԿԳՄՍ նախարարության կատարած ուսումնասիրութունները վկայում են, որ իրական աշխատաշուկայի ավելի քան 70 տոկոսը ՄԿՈւ մասնագետների պակաս ունի: Արդյոք բժշկական քոլեջը հաշվի առնում է աշխատաշուկայի ներկա  պահանջները,  ի՞նչ քայլեր են իրականացվում աշխատաշուկայի հետ ուղիղ և օրգանական կապն ապահովելու նպատակով:

21-րդ դարում անընդհատ զարգացող նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության և անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի պահանջների հետ անհնար է հաշվի չնստել: Բժշկական քոլեջը հաշվի է առնում աշխատաշուկայի ներկայիս պահանջները, ծրագրեր են իրականացվում աշխատաշուկայի հետ ուղիղ և օրգանական կապն ապահովելու նպատակով, ինչը չափազանց կարևոր է: Մասնավորապես՝ քոլեջ-գործատու կայուն փոխշահավետ պայմանագրային համագործակցության հիմքի ստեղծում, գործատու դասավանդողների ներգրավում ուսումնառության գործընթացին, գործատուների ներգրավվածություն պետական քննություններին և հարցաշարերի կազմմանը, քննարկում հանդիպումներ շրջանավարտների հետ:

Տպել
Ամենաշատ