News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

«Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով փետրվարի 26-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ էին հրավիրել:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) անդամ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2023 թվականի երեք, վեց ու ինն ամիսների կտրվածքով ընդհանուր առմամբ Ներքին գործերի նախարարությանը ներկայացվել է 65 անհամապատասխանություն եւ դրանց վերացման նպատակով 22 առաջարկ: Դրանցից 12-ը հաշվեքննության օբյեկտի կողմից ամբողջությամբ ընդունվել են, դրանք վերացնելու նպատակով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, իսկ 4-ը չեն ընդունվել, 6-ի մասով դեռեւս տեղեկատվություն չի ներկայացվել, քանի որ սահմանված վերջնաժամկետը չի լրացել:

ՀՊ անդամն անդրադարձել է պարեկային ծառայության կարիքների համար ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագրին: ՆԳ նախարարությունը 2023 թվականին համապատասխան ընկերության հետ կնքել է 65 ավտոմեքենայի գնման պայմանագիր: Նշվել է, որ արտադրողի կայքի տվյալների ուսումնասիրման արդյունքում անհամապատասխանություն է արձանագրվել արտադրողի եւ մատակարարի առաջարկած մեքենաների թափքերի միջեւ, տեխնիկական չափորոշիչների, անվադողերի անհամապատասխանություններ են հայտնաբերվել:

ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, չժխտելով գնումների գործընթացում առկա խնդիրները, ընդգծել է, որ դրանց գերակշիռ մասը տեխնիկական բնույթի են եւ հետեւանքներ չեն առաջացրել:

Բարձրաձայնելով ընկերության պաշտոնական ներկայացուցչի պարզաբանումներն ավտոմեքենաների ձեռքբերման մասով՝ նա փաստել է, որ այն պնդումը, որ մեկ շեղումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, հիմքեր չունի: «Նույն կերպ ես կարող եմ պնդել, որ այդ շեղումն ավելի դրական է, քանի որ ավելի քիչ վառելիք է ծախսվում»,- ասել է Արա Ֆիդանյանը: ՀՊ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրել է, որ անհամապատասխանությունն արձանագրված է պայմանագրի պահանջների նկատմամբ: Գեւորգ Պապոյանն արձանագրել է՝ Հաշվեքննիչ պալատն առաջարկում է նմանատիպ իրավիճակներում առաջնորդվել սահմանված չափորոշչով:

Հաջորդ արձանագրումը վերաբերել է ջրային պարեկների կարիքների համար համակարգչային պլանշետների ձեռքբերմանը: 2023 թվականի հունիսին ՆԳՆ ոստիկանության կողմից ջրային պարեկների կարիքների համար համակարգչային պլանշետ ձեռքբերելու նպատակով կազմակերպվել է աճուրդ, որին մասնակցել է երկու ընկերություն: Կարեն Կարապետյանն արձանագրել է, որ ոստիկանությանը մատակարարվել է մեկ պլանշետը 393,99 հազար դրամով՝ չնայած այն հանգամանքին, որ մատակարարող ընկերությանը պատկանող էլեկտրոնիկայի խանութում նույն պլանշետը վաճառվել է 286,90 հազար դրամ մանրածախ արժեքով: 40 պլանշետի պարագայում տարբերությունը շուրջ 4,250.0 հազար դրամ է եղել: ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի վարչության պետ Արթուր Ափյանը տեղեկացրել է, որ տվյալ ընկերության պարզաբանմամբ գործարանային վերանորոգման արդյունքում 2-3 պլանշետ գովազդի նպատակով վաճառվել է ինքնարժեքից էժան գնով:

Ապակիների լուսաթափանցելիությունը չափող միջոցների ձեռքբերման պայմանագրի մասով, ըստ Կարեն Կարապետյանի, ստանդարտացման կտրվածքով եւ «Գնումների մասին» օրենքով, ստուգաչափման մասով եղել են անհամապատասխանություններ: Անդրադարձ է եղել կարիքի ձեւավորման խնդիրներին, նշվել է, որ կարիքը ձեւավորվել է շատ մոտավոր:

Գնումների ու ֆինանսական գործընթացները կազմակերպող մասնագետների պատասխանատվությանը վերաբերող հարցին ի պատասխան՝  Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարականով կանցկացվի ծառայողական քննություն եւ դրանից հետո կլինեն հաջորդող քայլեր:

Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ, անդրադարձ է եղել դրանց գնումների կազմակերպման ընթացակարգերին, վեր են հանվել գնումների օրենսդրությունում նոր կարգավորումներ պահանջող մի շարք հարցեր:

«Այն, ինչ որպես անհամապատասխանություն արձանագրված է, թույլ է տալիս ենթադրել, որ գնման ընթացակարգն ավելի լավ է կազմակերպվում, քան առարկան նկարագրվում է»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանն ու հավելել, որ անհամապատասխանությունների բովանդակությունը հիմնականում առարկայի նկարագրությունից շեղումներին է վերաբերում, ոչ թե գնման ընթացակարգի կազմակերպմանը: «Գնման առարկայի նկարագրության մասով մեր ստորաբաժանումներն անելիք ունեն»,- նման կարծիք է հայտնել ՀՊ նախագահը:

Անդրանիկ Քոչարյանը եւ Գեւորգ Պապոյանը, կարեւորելով նման գործընկերային քննարկումները, համոզմունք են հայտնել, որ դրանց արդյունքում է, որ պետք է շտկվեն եղած թերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ