News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը: ԿԳՄՍՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Ֆրանսիայի դեսպանության կրթության և համագործակցության գծով կցորդ Լուսիյ Բուսքեն:

CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ ստեղծել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին  ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով այն հանգամանքը, որ մասնագիտական կրթության ոլորտը նոր է սկսում ընդգրկվել «էրազմուս+» ծրագրում. «Սա «Էրազմուս+»-ի առաջին ծրագրերից մեկն է,  որն իրականացվում է կրթության այս մակարդակում: Հետևաբար, շատ ենք կարևորում վերջնարդյունքները, որոնք կստանանք ծրագրի ավարտին: Վստահ եմ՝ դրանք ոգևորիչ են լինելու նաև այլ ուսումնական հաստատությունների ներգրավման համար»:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հաստատվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որով սահմանված են նոր ընթացակարգեր և մոտեցումներ՝ բոլոր այն ուղղություններով, որոնք բարելավման կարիք ունեն: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ բարեփոխումների հիմքում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն է: «Վստահ եմ՝ նմանատիպ ծրագրերի շրջանակում իրականացված բոլոր գործողությունները նպաստելու են, որ մենք ավելի թիրախային արդյունքների հասնենք՝ սահմանված «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ մաղթելով արդյունավետ համագործակցություն միջազգային գործընկերների հետ՝ լավագույն փորձի տեղայնացմամբ:

Հաջողված համագործակցության համար շնորհակալություն է հայտնել  Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նա հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի մասնագիտական կրթության ոլորտի ուժեղացմանը՝ միտված կարողությունների զարգացմանը, տարբեր դիտանկյուններից խնդիրների վերհանմանը, առկա բացերի լրացմանը: 

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանն էլ ընդգծել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ոլորտի զարգացմանը և նշել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցելու կարևորությունը: Տնօրենի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ օրինակելի խելացի ֆերմա, որը կծառայի ոչ միայն կրթական գործընթացին, այլև հիմք կդառնա տարածաշրջանի ֆերմերների համար՝ կառուցելու իրենց արտադրությունը:

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է մշակել և փորձարկել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի գործունեության իրավական, կազմակերպչական և վարչաֆինանսական պայմանները։ Ֆերմայի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենեջմենթ» մասնագիտությունների պետական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը։

CB4WBL նախագիծը ներառում է 6 հաստատություն Հայաստանից, Պորտուգալիայից և  Ֆրանսիայից:

Տպել
Ամենաշատ