News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 27-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր ատախազությունից:

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը ներկա լինելու հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Զինվորական դատախազության գործունեությունը մեկ ընդհանուր նպատակ ունի՝ աջակցել պաշտպանության ոլորտի և բանակի զարգացմանը: «Այս տարի պետական շահերի պաշտպանության ոլորտում փոխել ենք մեր մոտեցումները. նպատակ ունենք ավելի խորքային և բովանդակային ուսումնասիրություններ իրականացնել: Մի քանի զորամասերի հետ կապված արդեն ուսումնասիրություններ ունենք»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ Դատախազությունն իր գործառույթների շրջանակում անելու է առավելագույնը՝ բանակից ապօրինաբար վերցվածը բանակին վերադարձնելու նպատակով:

 «Այս տարի դատախազական գործիքակազմի կիրառման արդյունքում 2,4 մլրդ դրամի վերականգնում ունենք բանակում»,- դիմելով ՀՀ պաշտպանության նախարարին՝ նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հրավերի համար և ընդգծել, որ նախորդ տարվանից ձևավորված ավանդույթը՝ Զինվորական դատախազության տարեկան գործունեության ամփոփմանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին հրավիրելը, ցանկալի է, որ լինի շարունակական:

«Բանակի համար շատ կարևոր է ձեր դերակատարումը, պատկան մարմինների կատարած աշխատանքը: Ես բարձր եմ գնահատում այս երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը»,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավելել, որ չնայած գրանցած հաջողություններին՝ բանակում խնդիրները շարունակում են առկա լինել: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումն ու նախանշել աշխատանքային մի շարք ուղղություններ: Դրանց թվում Սուրեն Պապիկյանն առանձնացրել է պայքարը բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների ու բարքերի դեմ,  զորակոչի գործընթացում առկա խնդիրներն օրենսդրական ճանապարհով հաղթահարելը, բանակից ժամանակին խլված կամ այլ ճանապարհներով յուրացված գույքերը բանակին վերադարձնելու անհրաժեշտությունը և այլն:

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2358 դեպք (2022 թվականին՝ 4570): Արձանագրվել է 2212 դեպքով կամ 48.4%-ով նվազում: Դեպքերից 803-ը կամ 33.5%-ը եղել են պատահարներ (2022 թվականին՝ 2874), 1555-ը կամ 66%-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2022 թվականին՝ 1696), այդ թվում՝ 847-ը կամ 53.3%-ը` զինվորական (2022 թվականին՝ 1028), 708-ը կամ 45.5%-ը` այլ հանցագործություններ (2022 թվականի՝ 668)։

2022 թվականի համեմատ՝ պատահարները նվազել են 2071-ով կամ 72%-ով, հանցագործության դեպքերը՝ 141-ով կամ 8.3%-ով, ընդ որում՝ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 181-ով կամ 18%-ով, իսկ այլ հանցագործությունների դեպքերն աճել են` 40-ով կամ 6%-ով:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 52 դեպք (2022 թվականին՝ 98). նախորդ տարվա համեմատ՝ նվազում է արձանագրվել 47 դեպքով կամ 48%-ով:

2023 թվականին կրկնապատկվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը. 2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 485 քրեական գործ (վարույթ)՝ 571 անձի վերաբերյալ։ 

2023 թվականին, ընդհանուր առմամբ, 496 քրեական գործ՝ 578 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2022 թվականին՝ 320 գործ՝ 407 անձի վերաբերյալ):

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2023 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 մլրդ 62 մլն 243 հազար դրամ, որից 4 մլրդ 923 մլն 576 հազար դրամն արձանագրվել է Պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, իսկ 138 մլն 667 հազար դրամը՝ կայազորների զինվորական դատախազությունների կողմից:

Պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված 4 մլրդ 923 մլն 576 հազար դրամից 2 մլրդ 818 մլն 484 հազար դրամ վնասն արձանագրվել է 45 տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ Պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքերով:

2023 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամ վնասը (2 մլրդ 444 մլն 517 հազար դրամը՝ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, իսկ 37 մլն 936 հազար դրամը՝ կայազորների զինվորական դատախազությունների կողմից):

Վերոնշյալ 2 մլրդ 444 մլն 517 հազար դրամ վնասը վերականգնվել է արտադատական կարգով՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում (47 նախազգուշացում է ուղարկվել 45 տնտեսվարող սուբյեկտի):

2023 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշն աճել է 27.2%-ով՝ 531 մլն դրամով:

Աննա Վարդապետյանը Դատախազության համապատասխան վարչությանը հանձնարարել Է փոփոխել ՀՀ գլխավոր դատախազի՝  2017 թվականի հունվարի 24-ի N 1 կարգադրությունը և զինվորական ոլորտում պետական շահերի պաշտպանության ուղղությունները սահմանել ավելի կոնկրետ և թիրախային:

Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են կարևոր հարցերի, քննարկել փոխգործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ