News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Դրանք, իհարկե, ժամանակակից զինատեսակներ են, խնդիրն այն է, որ հարկավոր է հասկանալ, թե մեր ունեցած մնացած համակարգերի հետ ֆրանսիական նոր զինատեսակներն ինչպիսի՞ ներդաշնակությամբ են գործելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Ֆրանսիայից ներկրված զենքն արդյո՞ք կարող է բարձրացնել մեր բանակի մարտունակությունը:

Նրա խոսքով, ռադարները և հակաօդային պաշտպանության համակարգերը հիմնականում տարբեր իրավիճակներում միմյանց հետ փոխկապակցված են գործում, առաձին գործելը կարող է որևէ ձևով էֆեկտիվություն չապահովել: Այդ պատճառով, հարկավոր է հասկանալ, թե նոր զինատեսակներն ինչպիսի ներդաշնակությամբ են գործելու այլ համակարգերի հետ:

Անդրադառնալով Ադրբեջանական կողմի տարածած հայտարարություններին, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայկական կողմը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանը կեղծ հայտարարություններ է տարածում, որպեսզի կարողանա իր հետագա գործողությունները որակել որպես կանխարգելիչ, զսպիչ կամ իրավիճակից ելնող:

«Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ բանակցային գործընթացում բավականին բարդ իրավիճակ է, չնայած Մյունխենում տեղի են ունեցել հանդիպումներ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, դրանից հետո հանձնարարություն է տրվել Արտաքին գործերի նախարարներին՝ շարունակելու հանդիպումները, բայց իրականության մեջ դրական լուրջ դինամիկա այս գործընթացում չկա և, բնականաբար, չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների և այդ ճանապարհին փորձելու է պատասխանատվությունը Հայաստանի վրա ուղղել»,-պարզաբանեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Նրա խոսքով, պատահական չէ նաև այն, որ Ադրբեջանը բավական սուր է արձագանքում Ֆրանսիայից հնչող քաղաքական հայտարարություններին և ֆրանսիայից ներկրվող զինատեսակների մասին տեղեկություններին:

«Ադրբեջանը շարունակաբար շահարկում է Ֆրանսիայի անունը, նա փորձում է ցույց տալ, որ ագրեսիայի հետևում, որն իբրև թե Հայաստանն իրականացնում է, Ֆրանսիան է կանգնած»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ