News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում կարգավորումներ են մշակվել, որոնք վերաբերում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

«Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը ներկայումս գործող կարգավորմամբ հետևյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ՍԴ անդամի, դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և համապատասխան տոկոսադրույքի չափի հաշվարկով»,- ասաց նա:

Ըստ Լևոն Բալյանի՝ նախագիծը նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել ՍԴ դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ ՍԴ համապատասխան որոշմամբ արձանագրված պահանջներին և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

«Նախագծով նախատեսվում է նաև հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է ՍԴ երկու պաշտոնաթող դատավորի կենսաթոշակի չափի վերահաշվարկի վրա»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ եթե անձը, օրինակ, 2012 թվականին անցել է կենսաթոշակի, երբ աշխատավարձը, ենթադրենք, 500 հազար դրամ էր, նրա  կենսաթոշակի չափը կապվում է աշխատավարձի այդ մեծության հետ, և նա կստանա այդ աշխատավարձի, օրինակ՝ 80 տոկոսի չափով կենսաթոշակ: Բայց եթե 80 տոկոսը 500 հազար դրամի դեպքում 400 հազար դրամ է, ապա այժմ այդ 80 տոկոսը կարող է լինել ոչ թե 400 հազար դրամ, այլ 800 հազար դրամ, քանի որ աշխատավարձերի չափը փոփոխվել է:

«Ասածս հետևյալն է. յուրաքանչյուր փուլում՝ ժամանակի տվյալ պահին, եթե չափման միավորը թոշակի և աշխատավարձի կապն է, մշտապես լինի այդպես: Կոպիտ ասած՝ ինդեքսացիա և վերահաշվարկ տեղի ունենան, որ թոշակի գնացած բոլոր դատավորների վարձատրությունը ժամանակի տվյալ պահին լինի նույնը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Լևոն Բալյանն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել, ու քանի որ նախագիծն առաջին ընթերցմամբ է, պատրաստ են առաջարկի դեպքում քննարկել այն:

Տպել
Ամենաշատ