News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին ունեն մի շարք հարցականներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Եթե կհիշեք, սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հնչեցնում էին Հայաստանում հեղաշրջման կոչեր, դրանից հետո հարցականները միայն ավելացել են: Էլ չասած այն մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ից մերժեցին պնդել, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում, լավագույն դեպքում աչքները փակեցին, իսկ շատ փորձագետներ պնդում են, որ իրենց անգործությամբ աջակցեցին Ադրբեջանին էթնիկ զտում իրականացնել ԼՂ-ում: Հիմա եթե այդ հարցականները չլիներ, նորմալ չէր լինի, իսկ մեր հարաբերությունները հիմա ունեն շատ մեծ հարցականներ»,-ասաց նա:

Վահագն Ալեքսանյանը պնդեց, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության պրոցես է գեներացնում. «Ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանափոխություն կարող է անել միայն Հայաստանի ժողովուրդը: ՀՀ ժողովրդից զատ, ով կցանկանա նման բան անել, ձախողվելու է:

Երբ ռուսական բոլոր հեռուստաալիքները առանց դադարի անընդհատ Հայաստանի իշխանությունների դեմ քարոզչություն են տանում, երբ ռուսական պետական լրատվամիջոցների ամենակարկառուն ներկայացուցիչները Հայաստանում իշխանությունների դեմ քարոզչություն են տանում, երբ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, նույն Դմիտրի Մեդվեդեւը անում է նման հայտարարություններ, կներեք... ինչ մտածենք:

Ես վստահ եմ, որ այս հարցը քննարկելիս մեր ԱԳՆ-ն անմասն չի մնացել: Մենք սրա մասին բաց ենք խոսում»,- հայտարարեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանն ուզում իշխանափոխություն անել Հայաստանում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Որովհետեւ այն մարդիկ, ում միջոցով փորձ է արվել դա անել, այն մարդիկ են, որոնց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում առնվազն ակնարկել է, անգամ բաց տեքստով է ասել, որ գուցե անվտանգության տեսանկյունից լավ կլինի, որ Հայաստանը դառնա ավելի մեծ միավորի կազմում: Դա է պրոցեսը, ինչը տեսանելի է»:

Դիտարկմանը, որ գուցե պատճառն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը թեքվել է դեպի Արեւմուտք, Ալեքսանյանն ասաց. «Կներեք, 2022-ի սեպտեմբերին Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնքան պրոռուսական էր, այնքան դաշնակցային էր ՌԴ-ի նկատմամբ, այնքան լավ էր, բա ինչի՞ երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, որեւէ արձագանք չեղավ:

Հայաստանը իրենց չէր ասում՝ հարձակվեք Ադրբեջանի վրա, մեր պահանջն էր՝ ընդամենը քաղաքական հայտարարություն արեք, որ դուք հարձակվել ես Հայաստանի սուվերեն տարածքի վրա, որը ՀԱՊԿ անդամ է, դադարեցրու: Ոչ ոք չէր ասում՝ զորքերը հավաքեք, եկեք, ասել ենք՝ սկզբի համար այս հայտարարությունն արեք, դուք մեր դաշնակիցն եք, չէ՞: Չնայած, եթե ուզում եք իմանալ, ռազմական դաշինքը հենց դա է, որ պետք է մտնես ռազմական գործողությունների մեջ, երբ քո դաշնակցի սուվերեն տարածքի վրա կա հարձակում: Դա է ռազմական դաշինքի իմաստը, բայց մենք այդ շեմն այնքան ենք իջեցրել ու ասում ենք՝ ընդամենը քաղաքական հայտարարություն արեք, ու մենք չենք ստացել այդ հայտարարությունը: Ավելին, ստացել ենք այնպիսի հայտարարություններ, որոնք փաստացի Ադրբեջանին ավելի են գրգռել: Ադրբեջանը հասկացել է, որ ինքը ՀԱՊԿ-ից բացի դաշնակցային լավ հարաբերություններից, ոչինչ չի կարող ակնկալել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ