News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման առաքելությանը՝ ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ։

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերած գործուն աջակցության համար, ինչպես նաև նախանշել աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։

Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված և արդեն իսկ Հանրային ներդրումային կոմիտե ներկայացված դատարանների ստանդարտացմանը վերաբերող ծրագիրը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ծրագրով սահմանված գործողությունների շրջանակին, որոնցով նախատեսվում է մշակել դատարանների շենքերի և տեխնիկական ապահովվածության միասնական ստանդարտները, գույքագրել դատարանների շենքերը, մշակել դատարանի շենքերի տեղակայվածության արդյունավետ քարտեզ, ինչպես նաև գործողություններ՝ ուղղված դատարանների անձնակազմերի կարողությունների զարգացմանը։

Երկուստեք կարևորվել է քննարկվող ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցությունը Բարձրագույն դատական խորհրդի հետ, ինչպես նաև ընդգծվել ծրագրի հնարավորինս արագ իրականացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ծրագրում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման շրջանակներում նախատեսվող թվային գործիքակազմերի մշակմանն առնչվող գործողությունների ներառմանը։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման հետագա քայլերի շուրջ, նախանշվել՝ նախարարության թվայնացման օրակարգին Համաշխարհային բանկի աջակցության հնարավոր ուղղությունները։

Հանդիպմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։

Տպել
Ամենաշատ