News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս, Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Մուխինն իր տելեգրամյան ալիքում վերջերս անդրադարձել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման հարցին և նրան առաջադրված մեղադրանքին:

«Արդեն հինգ ամիս է՝ Ադրբեջանը կալանքի տակ է պահում ղարաբաղյան հակամարտության ընթացքում ձերբակալված մի քանի տասնյակ մարդկանց։ Նրանց թվում են չճանաչված հանրապետության կառավարության ութ նախկին անդամներ։

Որքանո՞վ է իրավաբանորեն հիմնավորված Վարդանյանի կալանավորումը և արդյոք մեղադրանքներն օրինական են։ Իսկ հիմա ամեն ինչ հերթականությամբ։ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է չորս ամսից էլ պակաս։ Այս պաշտոնը նրան լիազորություն չի տվել զինված գործունեություն ծավալելու կամ ֆինանսավորելու նման գործունեություն։ Մասնավորապես, ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանատու չի եղել Պաշտպանության նախարարության կամ այլ ուժային կառույցների աշխատանքների համակարգման համար։ Այս թեզերն անհիմն են դարձնում ահաբեկչության ֆինանսավորման և անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու մեղադրանքները։

Լաչինի միջանցքը, որտեղ կալանավորվել էր Վարդանյանը, գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Սա օրինականորեն հաստատված կարգավիճակ է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության շրջանակում, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը։ Այս փաստաթղթի հիման վրա էլ Լաչինի միջանցքն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության կապը։ Ռուս խաղաղապահները, որոնց իրավասությունը հիմնված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի (2022 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 695) հրամանագրի վրա՝ («Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին») 2022 թվականին չեն արձանագրել Վարդանյանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածք մուտք գործելու կանոնների խախտում։

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը տեղադրվել է միայն 2023 թվականի գարնանը, այսինքն՝ Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղի տարածք մուտք գործելուց հետո։ Սա բացառում է պետական սահմանը խախտելու մասին մեղադրանքները։ Բացի այդ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին կայացրած վճիռները հստակորեն ճանաչել ու պաշտպանել են Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով։ Նմանօրինակ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Այս ամենի հանրագումարը հաստատում է, որ Ռուբեն Վարդանյանը դարձել է Բաքվի քաղբանտարկյալ։ Ուստի, նա չպետք է մնա կալանքի տակ նման մտացածին իրավական հիմքերով»,-գրել էր ռուսաստանցի քաղաքագետը։

Նրա այս հրապարակմանը շատ բուռն արձագանքել էին ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ու ադրբեջանցի օգտատերերը՝ սպառնալիքների ու հայհոյանքների տարափ տեղալով  ռուսաստանցի քաղաքագետի վրա: Ավելի ուշ RUSARM INFO-ին տված հարցազրույցում  Ալեքսեյ Մուխինը նշել է, որ իր սյունակում գրել է այն, ինչ ճիշտ է համարում, իսկ ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանություններին ուշադրություն չի դարձնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ զորախումբը Արցախից  տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների...
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Այս թվերի հետևում մարդիկ են՝ հայրենիքում ապրելու ցանկության ու ճարահատ արտագաղթելու երկընտրանքի միջև…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը
Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին...
ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջել են հայության ապահով վերադարձ Արցախ
Ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների հանրապետական և դեմոկրատ շուրջ քսան օրենսդիրների մասնակցությամբ, Կոնգրեսում անցկացվել է ապրիլի 24-ին…
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. «Հետք»
Արցախցի պաշտոնյաները փորձում են հասնել այդ գումարների վաղաժամկետ տրամադրմանը...
Ամենաշատ