News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Չեն էլ ասում, որ չեն օգնում, գոնե ասեն՝ չենք օգնելու։  Ասում են՝ դե, լավ, տեսնենք, մտածենք հասկանանք: Բայց մեր երկիրը, մեր մարդիկ անսահման չեն, և մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի մեր երեխաների, մեր տղաների հաշվին, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը, որը դաշնակից է թե՛ ՀԱՊԿ-ով, թե՛ ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու։ Հետո ասում են՝ դուք այս ինչը չարեցիք, դրա համար չենք օգնում. իսկ ո՞ւր են իրենց շահերը, դաշնակցական պարտավորությունները։ Դաշնակցային պարտավորությունները որևէ մեկնաբանությամբ իրենց վրայից գցելով չէ»,-ասաց նա:

 «Մեզ համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում. էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանաք, որ այս անվտանգային համակարգը չի գործում՝ տարբեր արդարացումներով։ Արցախը տեսանք՝ ինչ եղավ, Խծաբերդը տեսանք՝ ինչ եղավ, Հին Թաղերը տեսանք՝ ինչ եղավ, Սև լիճը, Ջերմուկը, գերիները տեսանք՝ ինչ եղավ. Լաչինի միջանցքը տեսանք՝ ինչ եղավ. քանի այսպիսի օրինակ բերեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ անվտանգային այլընտրանքը, Հայաստանի կարծիքով, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է. նաև փորձ անել ՀԱՊԿ-ն ինչ-որ ձևով վերակենդանացնել։

«Ակնհայտ է, որ այս համակարգը չի գործում: Մենք հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար։ Եթե դա ինչ-որ անվտանգային համակարգի խանգարում է, դա իրենց խնդիրն է, ակնհայտ է, որ իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում։ Մենք շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավելագույն անվտանգություն կապահովի։

Մենք կարծում ենք, որ մեր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ սերտ աշխատելը»,- նշեց ԱԺ խոսնակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ