News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Քաղաքապետարանը 2021 թվականից մինչ օրս ձգել է հարցի լուծումը. օրենքն ասում է, որ անհատույց պետք է սեփականացնենք տնօրինվող տարածքները: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց կոնդեցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Կոնդի բնակիչներից մեկը:

Նշենք, որ Կոնդի բնակիչները դժգոհ են Երևանի ավագանու որոշումից և համաձայն չեն քաղաքային բյուջե վճարել իրենց սեփականության (քառակուսի մետրով հաշվարկված) կադաստրային արժեքի երկու տոկոսը։ Բանն այն է, որ Կոնդում բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող տներից բացի զբաղեցրել են նաև հարակից տարածքներ՝ օգտագործելով որպես հողամաս, կառուցելով կից շինություններ և այլն։ Հիմա իրենցից պահանջվում է այդ զբաղեցրած ամբողջ տարածքների համար վճարել, որպեսզի հետագայում փոխհատուցման ժամանակ քիչ գումար չստանան:

«Էդ ո՞նց եղավ, որ ավագանու որոշումը հանկարծ դարձավ օրենքից ու Սահմանադրությունից բարձր»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ քաղաքապետարանից պնդում են, որ իրենք առաջարկում են բնակիչներին, որ անօրինական զբաղեցրած տարածքների համար տուրք վճարվի, դրանք սեփականաշնորհվեն, որպեսզի փոխհատուցում ստանալիս ավելի շատ գումար կարողանան ստանալ, հակառակ դեպքում փոխհատուցում կստանան միայն փաստացի իրենց սեփականություն վկայականում ամրագրված տարածքների համար, կոնդեցի կինն արձագանքեց. «Իրենք պետք է փխհատուցեն այն տարածքների համար, որոնք մենք տիրապետում ենք; Եկեք չմոռանանք, որ 2004-ից սկսած, այն ժամանակվա քաղաքապետը միտումնավոր հրահանգ էին տվել, որ կոնդեցիների գույքերը պակաս չափեն: Եկան պակաս չափեցին, մենք մեր վկայականները վերցրեցինք ու տեսանք, որ չափերը պակաս է: 2005-ից մենք պայքարում ենք, որ մեր իրական չափերով տան վկայականները: Հիմա մարդը նոր չի իր նկուղը փորել, կամ մարդը սահմանազատած բակ ունի: Իրենք իրավահաջորդ են եւ պարտավոր են շտկել իրենց նախորդի սխալները անհատույց:

Անարդար է, որ կոնդեցին տանի փաթեթի համար իր տնօրինած քմ-ների կադաստրային արժեքի 2 տոկոսը մուծի:

Մենք ասում ենք՝ պատրաստ ենք փաթեթի համար ֆիքսված գումար վճարենք՝ 10-15 հազար դրամ, բայց ոչ թե մեր եղածի համար տանենք կադաստրային արժեքի 2 տոկոսը վճարենք: Կոնդում երկու գոտիականություն կա՝ 139 հազար դրամ եւ 214 հազար կադաստրային արժեքներով: Նայած, թե ում տունը որ գոտում է, յուրաքանչյուր քմ-ի համար կադաստրային արժեքի 2 տոկոսը պետք է վճարեն»,-ասաց բնակիչը:

Նա հայտարարեց, որ եթե իրենց հարցը չլուծվի, կդիմենք կառավարություն, հետո կդիմենք դատարան, որ ավագանու որոշումը չեղարկեն: «Ավագանիում 5 խմբակցություն է նստած, ո՞վ է ասել, որ պետք է նստեք էնտեղ, իրար գզեք, դուք պետք է այս հարցը լուծեք: Մենք իրենց ասել ենք՝ մեզ ձեզ քաղաքական ոչ մի բանը չի հետաքրքրում, եթե թատրոն է, տոմս կառնենք, կնայենք, դուք մեր հարկատուների հաշվին ենք նստած, ձեզ ուղարկել ենք, որ մեր հարցերը թեթեւացնեք:

Մենք ոչ Հյուսիսային պողոտա ենք, ոչ Ֆիրդուս ենք, թող մեզ չշփոթեն մենք կոնդեցնիներով համախմբված ենք, ու եթե դանակը ոսկորին հասավ, բոլորս պոտենցիալ հանցագործ ենք: Ամեն մարդ իր տունը կպահի: Եթե յուրաքանչյուր քաղաքացի իր տունը պահի, նույն ձեւով երկիրը կպահի»:

Նշենք, որ քաղաքապետարանի նախորդ խորհրդակցության  ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:

Այժմ բնակիչները պետք է սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքների համար իրենց սեփական տան համար տուրք վճարեն՝ յուրաքանչյուր քմ-ի համար 2780 դրամ կամ 4280 դրամ: Այսինքն 100 քմ տարածքով տուն ունենալու դեպքում, բնակիչը պետք է վճարի 278-428 հազար դրամ տուրք, ինչը կոնդեցիների կարծիքով, մեծ բեռ է իրենց ուսերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ