News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

2021 թվականից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանից, պայմանագրեր ենք կնքել, բանակի համապարփակ բարեփոխման հայեցակարգ են մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ իրականացնենք այդ բարեփոխումները, բայց դրա փոխարեն մայիսին, նոյեմբերին Հայաստանի վրա հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ գնված զենքը, և մենք սկսել են նոր գործընկերներ փնտրել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվորեն է ստեղծվել։

«2020 թվականին Հայաստանի ռազմատեխնիկական ողջ համագործակցությունը եղել է Ռուսաստանի հետ։ 2021 թվականի հունվարի մինչ օրս մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ, բայց դրանց թվում Ռուսաստանի ծավալը 10%-ից քիչ է։ Ավելին՝ հաճախ հղում է արվում Ուկրաինայի պատերազմին և դրա պատճառով չմատակարարմանը, բայց այդ պայմանագրերը կնքվել են 2021 թվականի սկզբին, զենքն ավելի քան մեկ տարի չի մատակարարվել, ոչ էլ դրանից հետո։ Սա հենց Ռուսաստանի ընտրությունն է եղել՝ մեզ դրել են փաստի առաջ, և մենք ստիպված ենք եղել դիվերսիֆիկացնել մեր գործընկերներին և նորերին փնտրել։ Այդ գործընկերներից են Հնդկաստանը, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, շատ այլ երկրների հետ ենք սկսել աշխատել»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին՝ ինչ պարզաբանում են տվել Ռուսաստանից, երբ նախքան ուկրաինական պատերազմը չի մատակարարվել գնված սպառազինությունը, Արմեն Գրիգորյանն արձագանքել է․ «Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, այդ պատճառով էլ չեն մատակարարում։ Ցանկացած երկիր, որն ունի այլընտրանքներ, կարող է դիմադրություն ցույց տալ իր շահերին հակասող քայլերի դեմ»։

«Մեր ռազմավարական մեծ սխալն է եղել, որ 1991 թվականից սկսած բոլոր ուղղություններով կախված են եղել Ռուսսաստանից, և երբ Ռուսաստանը հստակ որոշում է կայացրել չօգնել Հայաստանին, և մեր անվտանգության համակարգը փլուզվել է, Հայաստանը սկսել է այլընտրանքներ փնտրել, և այդ ճանապարհին այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում»,- նշել է Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ