News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի եւ Թուրքիայի պաշտոնատար անձինք ուրբաթ ստորագրել են երկու նախնական համաձայնագիր կենտրոնաասիական երկրներից Թուրքիա եւ այնուհետեւ Եվրոպա գազի մատակարարման մասին, ինչը կնպաստի Անկարայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու ձգտմանը, գրել է Nikkei Asia-ն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Թուրքմենստանի Ազգային խորհրդի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ Անթալիայի միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակում, որտեղ երկու երկրների պաշտոնատար անձինք ստորագրել են փոխըմբռնման հուշագիր եւ նամակ բնական գազի ոլորտում համագործակցության մտադրությունների մասին։

«Այս ստորագրություններով մենք մտադիր ենք թուրքմենական գազը մատակարարել սկզբում Թուրքիա, իսկ հետո՝ համաշխարհային շուկաներ»,- գրել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Х-ի միկրոբլոգում։

Ավելի ուշ Բերդիմուհամեդովը ֆորումի մասնակիցներին տեղեկացրել է, որ թուրքմենական Գալքինիշ հանքի պաշարները կազմում են 27 տրլն խորանարդ մետր գազ՝ ավելացնելով. «մենք ունենք արտահանման երթուղիների դիվերսիֆիկացման քաղաքականություն»։ Թուրքմենստանը տիրապետում է բնական գազի՝ աշխարհում մեծությամբ չորրորդ պաշարներին։

Թուրքիան արդեն ստանում է բնական գազ Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Իրանից խողովակաշարերով, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներից հեղուկացված բնական գազի տեսքով։ Անկարան, որը ներկայում գազ է մատակարարում մի քանի եվրոպական երկրներ, սկսել է արդյունահանել բնական գազ Սեւ ծովի իր ծովային հանքավայրում։

Բերդիմուհամեդովի խոսքով՝ գազը Թուրքմենստանից կարող է մատակարարվել Թուրքիա եւ Եվրոպա կամ Կասպից ծովով ու Ադրբեջանով, հենց որ իր երկիրը եւ Ադրբեջանը ծովային սահմանի մասին համաձայնագիր կնքեն, կամ գոյություն ունեցող Իրանի խողովակաշարային ենթակառուցվածքով, պայմանով, որ գազի փոխանակման գործարք կնքվի։

Թուրքմեն բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է Nikkei Asia-ին, որ Թուրքմենստանը գազի բավականաչափ պաշարներ ունի, որպեսզի ապահովի Թուրքիային եւ Եվրոպային՝ միաժամանակ ավելի շատ գազ մատակարարելով իր հիմնական սպառողին՝ Չինաստանին։

Եվրամիությունը փորձում է գազ ստանալ այլընտրանքային աղբյուրներից, քանի որ փորձում է  վերջ դնել կախվածությանը Ռուսաստանից։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ-ը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ՝ մտադրվելով կրկնապատկել գազի ներմուծումը էներգառեսուրսներով հարուստ այդ հարավկովկասյան երկրից, որը սահմանակից է Թուրքմենստանին Կասպից ծովով։

Գազի գործարքները, եթե դրանք իրականացվեն, կարող են շահ բերել շատ կողմերի։ Թուրքիան կիրականացնի գազային հաբի վերածվելու իր հավակնությունները, Եվրամիությունը կստանա լրացուցիչ հնարավորություններ Մոսկվայից կախմանը վերջ դնելու հարցում, իսկ Թուրքմենստանը՝ ճնշման լրացուցիչ լծակներ հզոր հարեւանների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի վրա, ընդգծել է պարբերականը։

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ողջունել է գործաքրը՝ հայտնելով Nikkei Asia-ին, որ իր երկիրը պատրաստ է ընդունել Թուրքիա եւ Եվրոպա գնացող թուրքմենական գազը առկա խողովակաշարային ենթակառուցվածքով, հենց որ կնքվի համաձայնագիր Կասպից ծովի հատակի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ