News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Նոր Նորքի Լվովյան փողոցի որոշ հատվածներում ապօրինի բնակելի շինություններում բնակվող քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են չքանդել իրենց տները, որտեղ իրենք ապրում են տասնյակ տարիներով:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հավաքվել ենք քաղաքապետարանի մոտ, որպեսզի խնդրենք քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ կազմակերպել հանդիպում, որ ներկայացնենք իրավիճակը: Այդ տարածքում դեռ Կարեն Դեմիրճյանի ժամանակ եղել է Կաքավաձոր եւ Բերդաձոր այգեգործական ընկերություն: Այդ 4 հեկտար տարածքում խիտ բնակեցված ապրում են մարդիկ ընտանիքներով, ապրում են 1990-ականներից: Ապրում են նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, կամ բազմաթիվ անչափահասներ: Այդ հատվածը կառուցապատվել է բնակիչների կողմից եւ բնակիչները չունեն այլ բնակարաններ, որ տեղափոխվեն:

Այդ տարածքում բոլոր հարմարություններ կան՝ լույս, ջուր, գազ, ասֆալտ, եւ բոլորը կազմակերպվել է տեղի բնակիչների ուժերով: Կան բզամթիվ եւ բարձրահարկ շինություններ, եւ նորակառույց շինություններ, եւ սեփական տներ, որոնք սեփականաշնորհվել են: Խնդրենք քաղաքապետից, որպեսզի լարված մթնոլորտը լիցքաթափվի: Մարդիկ չեն հասկանում՝ ում տունն են քանդելու, տվյալ պահին քաղաքապետարանը որ հատվածի վրա է գործ անելու, որ հատվածն է կանաչապատվելու: Բնկանաբար, այդ գոտու վրա տնկված է բացառապես բնակիչների կողմից պտղատու ծառեր: Տվյալ հատվածում դեկորատիվ ծառեր չկան»,-ասաց բնակիչը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ