News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Դեռ խորհրդային տարիներին այդ ձորը անմշակ էր, այն ժամանակ ղեկավարներից Սաֆյանն ինքն է ասել՝ ժողովուրդ ջան, վերցրեք այդ տարածքներում այգիներ սարքեք: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց Լվովյան փողոցի ապօրինի բնակելի տների բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ նրանք պահանջում են չքանդել իրենց տները, որտեղ իրենք ապրում են տասնյակ տարիներով:

«Այն ժամանակ վերցրեցինք, այգիներ սարքեցինք, մտքներովս չէր անցնում այդտեղ տներ սարքել: Հետո կամաց-կամաց այդ ընտանիքները բազմանդամ դարձան, էդ խրուշչովկաների մեջ ապրել հնարավոր չէ: Իսկ այդտեղ ապրողների մեծ մասը ընդհանրապես տուն էլ չունեն:

Այդտեղ ժայռեր է, ծառ տնկելը սարսափելի դժվար աշխատանք է, բայց մենք դա արել ենք: Մենք այսքան տարի դրանով ենք ապրել, դա մեր ուրախությունն է, կյանքի իմաստն է: Հիմա մի որոշումով լրիվ դնեն հողին հավասարեցնե՞ն, ժողովուրդը սթրեսի մեջ է: Հիմա մեզ մոտ անորոշ վիճակ է, գալիս ասում են՝ տունը պետք է քանդենք, չգիտեմ՝ ինչ անենք:

Եթե իրենք ուզում են ճանապարհը մեծացնել, մենք դրան համաձայն ենք, եթե տները պետական ստանդարտներին չի համապատասխանում, ասեք, տվեք գծագիրը, ժամանակ տվեք, մենք մեր ձեռքով քանդենք, ձեր ասած ձեւով սարքենք: Եթե պետք է ինչ-որ վճարումներ անենք, դա էլ կանենք: Ասում են՝ եթե դուք 10 տարի վճարումներ արած լինեիք գույքահարկի, ինքնստինքյան ձերը կլիներ: Եղբայր, բերեք հիմա մենք այդ 10 տարվա գույքահարկը վճարենք: Ես անցյալ տարի 86 հազար դրամ մուծել եմ, 10 տարվա համար ես այդ 86 հազարը կմուծեմ: Մենք բազմաթիվ անգամ ցանկացել ենք մտնել հարկային դաշտ, ասել են՝ հասցե չունեք»,-ասաց բնակիչը:

Մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ այդ հատվածում ոչ թե քոլիկներ են, ինչպես նշել է քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը, այլ տներ են. «Մարդիկ հույսեր են ունեցել, մարդիկ կան, որ իրենց տները վաճառել են, այդտեղ տուն են սարքել: Մենք խնդրում ենք, որ եթե այդ տարածքում կան սեփականաշնորհված տներ, դրանք բազմաթիվ են, նաեւ կան բազմահարկ շենքեր: Մենք խնդրում ենք, որ ինչպես նրանց դեպքում է, մեր մեկ հարկանի տների համար էլ տան կարգավիճակ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ