News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բարեգործությունը բոլոր ժամանակներում հատուկ է եղել հայ գործարարությանը. Պատահական չէ, որ հենց հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ին, Հայաստանում պաշտոնապես նշվում է Գործարարի օրը։ Այս առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները մարտի 4-ին ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին նվիրյալ հայորդու Երևանում տեղակայված արձանին։ Ի հիշատակ բարեսիրտ գործարարի՝ հոգեհանգստյան կարգ կատարվեց մայտաքաղաքի Ս. Աննա եկեղեցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից;

«Այսօր էլ քիչ չեն տնտեսական գործունեությամբ զբաղվելուն խոչընդոտող գործոնները՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների գործընթաց ողջ աշխարհում, տարածաշրջանային անկայուն մթնոլորտ, արտաքին շուկաների ձևափոխումներ, ռազմական բախումներ, հաղորդակցության խնդիրներ, աշխատուժի և ֆինանսական հոսքերի աննախադեպ շարժ, տեխնոլոգիական վերազինման հրամայական»,- մասնավորապես նշված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի՝ Գործարարի օրվա կապակցությամբ հղած ուղերձում։

«Եվ, ի պատիվ հայ գործարարության, կարող ենք արձանագրել, որ նա արժանապատվորեն է դիմակայում առկա փորձություններին՝ ցուցաբերելով ճկունություն, նորարարական մոտեցումներ, նախաձեռնողականություն, մրցունակ արտադրանք ու ծառայություններ առաջարկելու և սպառման նոր հնարավորությունների որոնման կարողություն։ Արդյունքում՝ բացված հազարավոր աշխատատեղեր, տնտեսական ցուցանիշների աճ, իրականացված սոցիալական ու մարդասիրական բազում ծրագրեր»,- ընդգծել է նա:

«Հատկանշական է նաև, որ այսօր մեզանում ձևավորվել է գործարարների երիտասարդ սերունդ, որը շարունակելով եղած ավանդույթները՝ նոր մտածողություն ու մշակույթ է ներմուծում տնտեսական կյանք։ Կուտակված փորձի ու նորարար մոտեցման համադրությամբ էլ կոչված ենք առաջ մղելու մեր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի վերափոխման, երկրի տնտեսության զարգացման, բարեկեցիկ ու անվտանգ կյանքի ապահովման»,-ասվում է ուղերձում։

Տպել
Ամենաշատ