News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եռօրյա աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազ Սյու Փրինենին (ՆԹ գլխավոր դատախազների խորհրդի անդամ):

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման պատրաստակամության համար և վստահություն հայտնել, որ հանդիպումը որակապես նոր փուլ կտեղափոխի երկու երկրների դատախազությունների միջև առկա համագործակցությունը։

Գլխավոր դատախազների զրույցի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության շրջանակում շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագիրը՝ ուղղված Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցման հմտությունների արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանը։

ՀՀ գլխավոր դատախազը գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է Երևանում նախորդ տարի կայացած՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակին  նվիրված խորհրդաժողովի արդյունքներին և տեղեկացրել, որ այս տարվա ապրիլին կրկին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանում կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով՝ Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Խորհրդաժողովի նպատակն է համախմբել Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների բարձրաստիճան դատախազներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու այն մարտահրավերներն ու հեռանկարները, որոնք առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում:

Միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության հարցերին անդրադառնալով՝ Աննա Վարդապետյանը կարևորել  է 2024 թվականին նախատեսվող՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը և առանձնացրել շաբաթներ առաջ գրանցված ձեռքբերումը. ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում (ENPE)՝ որպես դիտորդ:

Սյու Փրինենի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ պայքարին:

Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցությունը խորացնելու  պատրաստակամություն է հայտնել և անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ