News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական ինքնաթիռների՝ դեպի Եվրոպա թռիչքների արգելքը վերացնելու ուղղությամբ լուրջ առաջընթաց կա. Հայաստանի քաղաքացիական ավիացիան Եվրոպական միության գործընկերների հետ իրականացրել է մեծածավալ աշխատանք:

Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության կողմից արձանագրված 40-ից ավելի թերությունները վերջին երկու տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ շտկվել են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը՝ ընդգծելով, որ արգելքի սահմանումից հետո  քաղավիացիայի կոմիտեի և Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության միջև կնքվել է երկու տարվա աջակցության պայմանագիր, որի շրջանակում շուրջ երկու տարի Եվրոպական միության երկու փորձագետներ ամենօրյա աշխատանքներ են իրականացրել   ՀՀ քաղավիացիայի կոմիտեի այն  վարչություններում,  որտեղ արձանագրվել էին ամենամեծ անհամապատասխանությունները:

«Այն ավարտվեց նախորդ տարի՝ 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո ամփոփիչ քննարկումներ եղան Քյոլնում, այնուհետև Երևանում, որին ներկա էին Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի  և ոլորտի մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում  արձանագրվեց հսկայածավալ աշխատանքի կատարողական, որն իրականացվել է մեր և Եվրոպական միության կողմից:

Այս երկու տարիների ընթացքում բոլոր կանոնները, օրենքները փոփոխելով՝ մենք հասել ենք այն կետին, որ առաջիկայում Եվրամիության մեր գործընկերներին կկարողանանք ներկայացնել արդեն իսկ փոփոխված կանոններով և օրենքներով պատշաճ վերահսկողությունը, որը նույնպես մի փոքր ժամանակ կպահանջի»,- ասաց նա:

Փայասլյանը նշեց, որ քննարկմանը նաև արձանագրվել է, որ գրեթե ամեն ինչ պատրաստ է  առաջիկայում արգելքը վերացնելու գործընթացը սկսելու համար, սակայն դեռևս կա որակավորված մասնագետների պակասը լրացնելու խնդիր, որին այս պահին քաղավիացիայի կոմիտեն դեռ բախվում է: Ըստ նրա՝ բոլոր գործընթացները և աշխատանքները  պատշաճ  իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան քանակի մասնագետներ, որակավորված տեսուչներ, որոնք շատ նեղ մասնագետներ են: Այս պահին կոմիտեի մասնագետների թիվը 50 տոկոսով պակաս է անհրաժեշտ քանակից:

«Այդ ուղղությամբ էլ կարող եմ նշել, որ կառավարության որոշման փոփոխությամբ 2023 թվականին կարողացանք ստեղծել երկու նոր բաժին, որը շատ կարևոր էր այս գործընթացներն իրականացնելու և թերությունները վերացնելու համար: Ինչպես նաև փորձեցինք կարգավորել աշխատավարձերի հարցը, քանի որ այս տեսակետից մրցակցության արդյունքում մասնագետները նախընտրում են աշխատել ավելի բարձր աշխատավարձով ավիաընկերություններում, իսկ այս փոփոխության արդյունքում կկարողանանք լրացնել մասնագետների պակասը: Այս պահին էլ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում, մասնավորապես կադրերի վերապատրաստում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»,-նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալը:

Փայասլյանը ուրախությամբ նշեց, որ նոր փոփոխության արդյունքում առաջին անգամ վերջին 3-4 տարիների ընթացքում քաղավիացիայի կոմիտեից դուրս եկած և աշխատանքի ընդունված  մասնագետների բալանսը փոխվել է:

Անդրադառնալով դեպի Եվրամիության երկրներ թռիչքներ իրականացնելու արգելքի վերացման ժամկետներին՝ Փայասլյանը նշեց, որ հստակ ժամկետներ նշելը դեռևս դժվար է, բայց այն բավականին մոտ է, քանի որ Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության կողմից արձանագրված 40-ից ավելի խախտումներն իրավական մասով փակված են:

«Մեզ այս պահին մնում է իրականացնել մի քանի կարևոր վարչությունների անձնակազմերի համալրումը՝ հասցնելով այն  համապատասխան քանակի: Կոմիտեն իր քայլերով ամեն ինչ անում է, որ դա հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի: Այս հարցը լուծելուց հետո շատ կարճ ժամկետներում արդեն կդիմենք Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությանը՝ արգելքը վերացնելու նպատակով»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 4-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տարածեց հայտարարություն այն մասին, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և ԵՄ մասնագետները փետրվարի 3-7-ը աուդիտ են իրականացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում և երկու հայկական ավիաընկերությունում։ Աուդիտի արդյունքում արձանագրվել են 40-ից ավելի թերություններ և խախտումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ