Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ամերիկյան գործընկեր Բարաք Օբամայի հետ ունեցած անձնական զրույցում նշել է, որ «մինչեւ կոկորդը կուշտ է» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պահվածքից:
Զրույցը կայացել է դեռեւս անցած շաբաթ, Կաննում «Մեծ քսանի» գագաթաժողովի շրջանակներում: Այս զրույցը մամուլում չէր հրապարակվի, եթե մոտակայքում լրագրողներ չլինեին, սակայն, չգիտես ինչու, այն միայն հիմա է տարածվել:
Reuters գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Պաղեստինի անդամակցելուն վերաբերող զրույցում Սարկոզին Նեթանյահուին անվանել է ստախոս եւ խոստովանել, որ նրան տանել չի կարողանում:
Բարաք Օբամայի պատասխանը, թարգմանչի ներկայացմամբ, մոտավորապես այս բովանդակությունն է ունեցել. ԱՄՆ նախագահը պետք է պարբերաբար առնչվի Իսրայելի վարչապետի հետ, անկախ նրանից, թե Ֆրանսիայի նախագահը ինչ զգացմունքներ է տածում Նեթանյահուի նկատմամբ:
Հիշեցնենք, Ֆրանսիան աջակցել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին Պաղեստինի անդամակցությանը, ինչը ԱՄՆ-ի եւ Իսրայելի դժգոհությունն էր հարուցել:
РБК գործակալությունը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայի նախագահը չի թաքցնում իր զգացմունքները այլ երկրների ղեկավարների հանդեպ: Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովի ընթացքում Սարկոզին ակնհայտորեն արհամարհել էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ներկայությունը` հրաժարվելով Իտալիայի վարչապետի հետ որեւե ոչ պաշտոնական զրույց ունենալուց:




























