News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, նոյեմբերի 12-13-ին, տեղի կունենա թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովը: Վերջինս Iran and the Caucasus (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ) միջազգային գիտական ամսագրի 15-ամյակին նվիրված եւ նրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է: Միջոցառման կազմակերպմանը օժանդակում են Modus Vivendi կենտրոնը (Երեւան, նախագահ՝ Արա Պապյան), Իրանագիտական Կովկասյան կենտրոնը (Երեւան), Թուրքիայի, Իրանի եւ Կովկասի ուսումնասիրությունների միջազգային ասոցացիան եւ ԱՐՄԱԿԱԴ-ը (Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցացիա, նախագահ՝ Խաչիկ Գեւորգյան): Միջոցառման հովանավորն է Hyksos հիմնադրամը (նախագահ՝ Հրաչ Գաբրիելյան):

Հարկ է նշել, որ թալիշագիտական առաջին գիտաժողովը անցկացվել է Ծաղկաձորում՝ 2005թ. մայիսին եւ կազմակերպվել Երեւանի Պետական Համալսարանի Իրանագիտության ամբիոնի եւ Իրանագիտական Կովկասյան կենտրոնի կողմից:

Թալիշագիտությունը իրանագիտության բաղկացուցիչ մասն է: Իրանում թալիշների՝ հնագույն այս ժողովրդի բնակության հիմնական տարածքը, այսպես կոչված, Թալիշի շրջանն է, որը բարակ գոտու ձեւով փարվում է Կասպից ծովի հարավային ափին եւ հասնում մինչեւ Էնզելի նավահանգստից ոչ հեռու Քոփուլ-չալ բնակավայրը:

19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմների հետեւանքով թալիշները բաժանվել են երկու մասի եւ բնակվում են ներկայիս Իրանի հյուսիսային (Գիլան) եւ Ադրբեջանի Հանրապետության հարավային շրջաններում: Թալիշները ունեն ինքնատիպ մշակույթ, որը հանդիսանում է Կասպից ծովի հարավային սահմանամերձ մշակութային գոտուն բնորոշ երեւույթ: Իրանական այս ժողովրդի բազամաշերտ հավատալիքների, հարուստ, բազմաժանր բանահյուսության, պատմության, լեզվի եւ մշակույթի ուսումնասիրությունը հայ իրանագետների ուշադրության կենտրոնում է: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից մի քանի տարի առաջ հրատարակվել են «Թալիշ ժողովրդի պատմության եւ մշակույթի ակնարկներ» եւ «Թալիշական ժողովրդական ավանդություններ եւ հեքիաթներ» գրքերը:

Կայանալիք գիտաժողովին ընդառաջ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը պատրաստել է «Թալիշ ժողովրդի պատմության եւ մշակույթի ներածություն» կոլելկտիվ մենագրությունը՝ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ: Մենագրությունը ներառում է 10 գլուխ՝ մանրամասն քննության առնելով թալիշների ծագման եւ պատմության խնդիրները՝ Թալիշի հնագույն քաղաքակրթություններից մինչեւ թալիշ ժողովրդի նորագույն պատմությունը: Մենագրության առանձին գլուխներ անդրադառնում են Թալիշստանի բնակչության, բնական ռեսուրսների, կրոնի եւ հավատալիքների, ժողովրդական արվեստի, լեզվի ու գրականության հարցերին: Մենագրության շնորհանդեսը կկայանա թալիշագիտական 2-րդ գիտաժողովի պաշտոնական բացման ժամանակ:

Մեկնարկող գիտաժողովի բացմանը ելույթ կունենան պրոֆսոր Գառնիկ Ասատրյանը (Հայաստան) «Թալիշագիտության արդի խնդիրների եւ դրա հեռանկարների շուրջ», պրոֆեսոր Ալի Գրանմայեն (Մեծ Բրիտանիա)՝ «Ինչպե՞ս փրկել թալիշների լեզուն եւ մշակույթը.», հայտնի պատմաբան եւ գրող Քավե Ֆարրոխը (Կանադա)՝ «Կովկասյան Ադրբեջանի ապաիրանականացման գործընթացը (1828 թ.-ից մինչ այսօր)»: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը կներկայացնի նոր թալիշական այբուբենի նախագիծը՝ Ավեստայի գրի հիման վրա:

Գիտաժողովին բացի հայ գիտնականներից  կմասնակցեն նաեւ հայտնի մասնագետներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից եւ Կանադայից: Գիտաժողովը, անշուշտ, դառնալու է նշանավոր իրադարձություն եւ՛ արեւելագիտության, եւ՛ թալիշների ժամանակակից պատմության մեջ: Այն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել եւ դրական արձագանք գտել տարբեր երկրների իրանագետների եւ թալիշ մտավորականների շրջանում:

 2005թ. թալիշագիտական 1-ին եւ վերջերս Երեւանում կայացած զազաների պատմությանն ու մշակույթին նվիրված գիտաժողովներն արդեն իսկ արժանացել են միջազգային ակադեմիական շրջանակների բարձր գնահատանքին եւ մեծ հետաքրքրություն առաջացրել հայ արեւելագիտության հանդեպ: Սա խոսում է իրանագիտության հայկական դպրոցի ակադեմիականության եւ  միջազգային բարձր հեղինակության մասին:

Գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 12-ին, ժամը 10.00, «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ