Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթթան նախազգուշացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում, դրա անկանխատեսելի հետեւանքների մասին: Նա հայտարարել է, որ դա կարող է հանգեցնել ոչ միայն Իրանին միջուկային ծրագրից հետ պահելուն, այլեւ կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա:
Փանեթթան հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար կարեւոր է հավաստիանալ, որ կիրառվել են բոլոր խիստ միջոցներն Իրանի դեմ, որոնք կփոխեն այդ երկրի ղեկավարների վարքը: ԱՄՆ-ը բանակցություններ է վարում իր դաշնակիցների հետ` Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների շուրջ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, նոյեմբերի 10-ին, հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման ծրագրերի իրականացումը լուրջ սխալ կլինի, որը հղի է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ հետեւանքներով, հիշեցնում է «ՌԻԱ նովոստին»:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խաղաղ բանակցությունների անցկացման կոչով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձում է կառավարությունում առանցքային նախարարների հավանությունն ստանալ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում:
Նոյեմբերի 8-ին, ԱԷՄԳ-ն հրապարակել է զեկույց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ըստ որի` իրանցի մասնագետները թեստեր են անցկացրել` ուղղված միջուկային պայթուցիկ սարքի մշակմանը:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի դեմ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության մասին: Իր հերթին, Ռուսաստանը համարում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը հանելու միակ ուղին «վեցնյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիան, Գերմանիա) եւ Իրանի միջեւ բանակցությունների վերականգնումն է:




























