Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կասեցրել է այդ կազմակերպությունում Սիրիայի անդամությունը: Նման որոշում է այսօր կայացվել Կահիրեում` ԱՊԼ արտգործնախարարների նիստում: Դա պայմանավորված է նրանով, որ Սիրիայի ղեկավարությունը շարունակում է բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Կազմակերպության որոշման մասին տեղեկացրել է Քաթարի արտգործնախարար Համադ բեն Ջասեմ ալ Թանին: Նա պարզաբանել է, որ որոշումը կայացվել է սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի խախտման պատճառով:
Հիշեցնենք, որ Սիրիան ընդունել էր ԱՊԼ «ճանապարհային քարտեզը», սակայն երկրում չդադարող բռնությունն ԱՊԼ-ին ստիպել էր կոշտ միջոցներ ձեռնարկել:
Այսպիսով Սիրիան` ԱՊԼ հիմնադիր պետություններից մեկը, առաջիկայում չի կարող մասնակցել համաարաբական այդ կազմակերպության նիստերին:




























