News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

2023թ. Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի 29 երկրներից, որոնք մտնում են անցումային փուլ ունեցող երկրների ցուցակի մեջ, դեմոկրատական ինստիտուտների զարգացման մակարդակը տասում իջել է, այն դեպքում, երբ դեմոկրատացման ցուցանիշները բարելավվել են միայն հինգ երկրներում։

Ռուսական եւ ադրբեջանական ռազմարշավները հարեւան պետությունների՝ Ուկրաինայի եւ Հայաստանի դեմ արագացրել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական տրանսֆորմացիան։ Այս մասին նշվել է «Անցումային շրջանի երկրներ 2024. տարածաշրջանի բաժանումն ավտոկրատիայի եւ դեմոկրատիայի» (Nations in Transit 2024 A Region Reordered by Autocracy and Democracy) ամենամյա զեկույցի մեջ, որը հրապարակել է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։

Ութ երկրներ, որոնք մտնում են կայացած ավտորիտար վարչակարգերի կարգի մեջ, շարունակել են առաջինը մնալ դեմոկրատական պայմանների հետագա վատացման մրցարշավում անցած տարվա ընթացքում։ Այդ երկրների կեսում 2023թ. պայմանները վատացել են զգալիորեն։ Կրեմլի ներխուժումն Ուկրաինա առաջ է բերել Ռուսաստանում այլախոհների ճնշում՝ փակելով այն սահմանափակ տարածքը, որը մինչ այդ առկա էր «համակարգային» ընդդիմության եւ քաղաքացիական դիմադրության համար, նշվել է զեկույցում։

Դեմոկրատիայի հիբրիդային ձեւ ունեցող երկրներում, որոնց պատկանում են Ուկրաինան եւ Մոլդովան, ռուսական ներխուժումը առաջ է բերել զգալի փոփոխություններ։

«Կայուն դեմոկրատիա ստեղծելու Ուկրաինայի շարժումը ամենանշանավոր դեպքն է։ 2014թ. Արժանապատվության հեղափոխությունը եւ դրան հաջորդած ռուսական ներխուժումը դրամատիկական փոփոխությունների հանգեցրին կառավարման հարցում, քանի որ հին կոռուպցիոն սխեմաները բացահայտվեցին եւ ոչնչացվեցին բարեփոխիչների նոր կադրերի կողմից։ 2022թ. Մոսկվայի ներխուժումը արագացրեց պրոցեսը որոշ ոլորտներում։ 2023թ. նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը քայլեր ձեռնարկեց ուկրաինական դատարանների եւ հակակոռուպցիոն մարմինների ադրյունավետությունը բարձրացնելու համար, ինչպես նաեւ սկսեց հետաքննել կոռուպցիան դատական եւ ռազմական համակարգերում»,- գրել են զեկույցի հեղինակները։

Զեկույցում նշվել է, որ անցած տարվա իրադարձությունները հաստատել են «դառը ճշմարտությունը, այն, որ եվրասիական պետությունների մեծ բլոկը իրականում ուժեղացրել է բռնաճնշումներն ու հակադրվել այլ վայրերում դեմոկրատացման ջանքերին։ Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու մահը ռուսական գաղութում 2024թ. փետրվարին ցուցադրել է, որ այլախոհները պատժվում են Եվրասիայում»։

Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակների խոսքով՝ ռուսական վարչակարգը «ինքնատիպ դեր է խաղում տարածաշրջանի վերափոխման գործընթացում։ Նրա պատերազմը՝ Ուկրաինաի ոչնչացման եւ անեքսիայի համար ուղիղ մարտահրավեր է ինքնիշխանության ու ինքնորոշման նորմերին, որոնք հիմք են ծառայել միջազգային հարաբերությունների համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո»։

«Անցյալում դեմոկրատական երկրները հաճախ գործում էին չհամաձայնեցված եւ տհաճությամբ էին պաշտպանում միջազգային նորմերը բռնապետական վարչակարգերով երկրների ագրեսիվ քայլերի դեմ՝ ավտոկրատիաներին թույլ տալով անտեսել իրենց պատասխանատվության կանչելու ցանկացած ջանք։ Ի պատասխան Ուկրաինա ներխուժման շատ դեմոկրատիաներ, եթե ոչ բոլորը, պատժամիջոցներ մտցրին, որպեսզի բացառեն Մոսկվային իրենց ֆինանսական եւ առեւտրային ցանցերից՝ նպատակ ունենալով հյուծել նրա ռեսուրսները», նշվել է զեկույցում։

Հեղինակները նշում են, որ «չնայած պատժամիջոցները դժվարացրել եւ փոխել են ռուսական տնտեսությունը, դրանք բավական չեն եղել Պուտինին զսպելու համար։ Կրեմլը կարողացավ նվազագույնի հասցնել կարճաժամկետ վնասը, օգտագործել պատժամիջոցների թերությունները ռազմական մատակարարումների ներմուծման համար եւ գտնել շահագրգռված գնորդների էներգետիկայի ոլորտում»։

Զեկույցում նշվել է, որ ավտոկրատներն ամբողջ աշխարհում ավելի հաճախ են համագործակցում իրար հետ՝ ընդհանուր նպատակների համար։ Դա հատկապես նկատելի է անցումային փուլ ունեցող երկրներում։ Ուզբեկստանի կառավարությունը, ներքին պաշարների հետ կապված մտահոգություններ ունենալով, նախատեսում է ներդնել 500 մլն դոլար ռուսական գազի ներմուծման համար, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը Բելառուսում 2022թ. թույլ տվեց ռուսական զորքերին իր տարածքն օգտագործել որպես պլացդարմ Ուկրաինա ներխուժելու համար։

«Այդ ժամանակվանից երկու բռնապետներն օգնում են միմյանց հաղթահարել միջազգային պատժամիջոցները, չնայած Պուտինից Լուկաշենկոյի կախման ավելացմանն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործերում ռիսկ է պարունակում, որ Բելառուսը լիովին կվերածվի վասալ պետության»,- նշվել է զեկույցում։

2024թ. Freedom House-ի հիմնական առաջարկներից մեկը Ուկրաինայում պուտինյան Ռուսաստանի տոտալ պարտության ապահովումն է։

«Եվրամիության եւ ՆԱՏՕ անդամ պետությունները պետք է ոչ միայն ավելի շատ ներդրումներ կատարեն եւ ավելի արդյունավետ հավաքական պաշտպանություն վարեն, այլեւ Ուկրաինային տրամադրեն անհրաժեշտ օգնությունը՝ ռուսական հարձակումը հետ մղելու եւ կայուն դեմոկրատիա ստեղծելու համար»,- գրել են հեղինակները։

Կազմակերպությունը նաեւ առաջարկել է, որ պետք է ավելացնել օգնությունն Ուկրաինային բոլոր ոլորտներում, բռնագանձել եւ վերուղղորդել ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինայի վերականգնման նպատակով, հետեւել ռուսաստանյան սուբյեկտների եւ անձանց դեմ պատժամիջոցների պահպանմանը, պատասխանատվության ենթարկել հանցագործությունների համար, որոնք կատարվել են Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում, Կիեւին առաջարկել ՆԱՏՕ-ի անդամակցություն եւ դեմոկրատական բարեփոխումների աջակցություն ըստ այն բանի, թե ինչպես երկիրը բանակցություններ կվարի ԵՄ-ին անդամակցելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ