News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


2018-ին Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, խոստացավ լուծել Արցախի հարցը, արդյունքում ունենք Արցախի բացակայություն, բզկտված Հայաստան, ահագնացող անվտանգային միջավայր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Ահա սա է լինում անգրագետ լուծումների արդյունքը»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր էր արագ լուծել Արցախի հարցը, որ չտեւեր այսքան երկար ու չհասներ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանություն, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Արագ լուծումները, իհարկե, լավ բան են եւ արժե դրանց ձգտել, բայց արագ լուծումները, շատ հաճախ բերում են նաեւ երկարատեւ բացասական հետեւանքների: Աշխարհում կան շատ երկարատեւ հակամարտություններ, որոնք չեն խանգարում նրանցում ընդգրկված երկրներին ունենալ իրենց ուրույն զարգացման ուղին, ունենալ իրենց ուրույն ապագան:

Այսօր Արցախի հայաթափումը, ՀՀ սահմաններին կախված օրհասական վտանգը, եթե ոմանց թվում է, որ դա հարցի վերջնական լուծում է, չարաչար սխալվում է: Հակառակը, դա  նոր, ավելի խորը, ավելի ծանր հետեւանքներով հակամարտության արգասիք է: Եթե ոմանց թվում է, որ արցախահայությանը տեղահանելով եւ զրկելով իրենց պատմական հայրենիքից հնարավոր է փակել Արցախի հարցը, չարաչար սխալվում են: Հակառակը, ստեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդները»:

Դիտարկմանը, թե միջազգային հանրության տեսանկյունից Արցախի հարցը եւս փակված չէ՞, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը այդքան անհեռատես ու հիմար է, որ չի հասկանում, որ խաղաղության դարաշրջանի մասին սոսկ դեկլարատիվ հայտարարություններով հնարավոր է լուծում գտնել ինչ-ինչ հակամարտության:

Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունն ընդհանրապես աչք է փակել Արցախի ժողովրդի տառապանքների վրա: Այլ բան է, որ այսօր տեսնելով ՀՀ իշխանությունների կրավորական  կեցվածքը, պարզ է, որ միջազգային հանրությունը նախընտրում է գնալ ավելի թեթեւ ճանապարհով, ավելի փոքր դիմադրողականության ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ