News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 13-ին և 14-ին մասնակցել է Օվիեդոյի կոնվենցիայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման երկօրյա դասընթացին։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել Եվրոպայի խորհրդի՝ կենսաբանության և բժշկության կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիայով (Օվիեդոյի կոնվենցիա) ամրագրված մարդու իրավունքների և էթիկայի սկզբունքների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կարողություններն ու հմտությունները։

Մասնակիցներին ողջունել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Անահիտ Մանասյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել և կարևորել աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման դասընթացների կազմակերպումը, որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգի ձևավորմանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է Օվիեդոյի կոնվենցիայի կարևորությունը` նկատի ունենալով այն, որ վերջինս կարգավորում է մարդու արժանապատվության ու իրավունքների պաշտպանությունը կենսաբանության ու բժշկության ոլորտում՝ սահմանելով ոլորտում մարդու իրավունքների ապահովման հիմնական ու նվազագույն պահանջներ։

Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցը ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև Կոնվեցիայով նախատեսված իրավունքների հանրային իրազեկման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը նպաստելու հարցերում։

Դասընթացի շրջանակներում Լումսայի համալսարանքի իրավունքի փիլիսոփայության դասախոս, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի միջազգային փորձագետ Ֆաբիո Մաչիոչեն և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության իրավաբան Բոգլարկա Բենկոն Պաշտպանի աշխատակազմին ներկայացրել են Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումները, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի աշխատանքները, անդրադարձել առողջապահական ծառայությունների հասանելիությանը, վերարտադրողականության տարիքային սահմանափակումներին, Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված այլ իրավունքներին ու ազատություններին։

Երկօրյա միջոցառումը համակարգել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Միքայել Խաչատրյանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը։

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների Ծրագրի համատեքստում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ