News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում գտնվող մարկետինգի դասական Ֆիլիպ Կոտլերը հաստատ որոշել է, որ կրկին վերադառնալու է Հայաստան: Այս մասին նա ասաց այսօր` նոյեմբերի 14-ին, Հայաստանի եւ տարածաշրջանի մանր ու միջին գործարարների, ինչպես նաեւ խոշոր ընկերությունների մարկետինգի բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Հայաստան իմ այցելությունը նոր է սկսվել, բայց կարող եմ այժմ արդեն հաստատ ասել, որ անպայման վերադառնալու եմ»,- ասաց նա:

Հանդիպմանը ներկա 500 մարդկանց մեջ կային եւ Իրանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ:

«Ի՞նչ է մարկետինգը, ինչպե՞ս կարելի է այն բնութագրել, այն զարգացող գիտություն է, որի ամենակարճ ձեւակերպումը հետեւյալն է .«Շահույթով՝ կարիքների բավարարում, այսինքն՝ դուք առաջարկում եք մի բան, որի կարիքն ունեն սպառողները, ինչի դիմաց շահույթ եք ակնկալում: Մարկետինգը նոր գիտություն է, բայց դրա արտահայտման ամենավաղ հիշատակումներից մեկը կարելի է գտնել նույնիսկ Աստվածաշնչում: Դա Եվային արգելված պտուղից օգտվելու մասին պատմությունն է»,- ասաց Կոտլերը, նշելով, որ ապրանքի ու ծառայության իրացման շուկայի լուրջ պոտենցիալներից մեկն այսօր էլ տնային տնտեսություններն ու տնային տնտեսուհիներն են:

«Մարկետինգով զբաղվողներին, ընդհանրապես, մարկետոլոգ են անվանում, բայց վերջերս, հատկապես Ռուսաստանում, սկսել են անվանել «մարկետիրներ»: Ճիշտն ասած այս անվանումն այնքան էլ իմ սրտով չէ, քանի որ այն շատ նման է «ռեկետիր» բառին»,- նկատեց Կոտլերը, ում ակնարկը բուռն ծիծաղ առաջացրեց մարկետինգի մասնագետներից կազմված լսարանում:

Ըստ նրա՝ 1910 թ. համարվում է մարկետինգի հիմադրման տարի, քանի որ առաջին անգամ այդ թվականին է եզրույթն օգտագործվել, եւ նշանակում էր շուկայի հետ ուղղված աշխատանքի ուղղություն: «Այսօր այն շատ է փոխվել: Մարկետինգն իր ոլորտն ընդլայնել է, այն այսօր ոչ միայն շուկայի հետ աշխատանք է ենթադրում: Մարկետինգ 3.0-ով ենթադրվում է, որ մարկետինգը պետք է ուսումնասիրի եւ համապատասխանեցի ընկերության ռազմավարությունն ու քայլերը մարդկանց նախասիրությունների հետ, այսպես ասած «դիպչի նրանց հոգու լարերին», այսինքն՝ դրական, բարեկամական հարաբերություն ստեղծի պոտենցիալ գնորդի հետ: Դժվար է, բայց հաջողության դեպքում՝ ավելի մեծ եկամուտներ ապահովող»,-նշեց Կոտլերը:       

Ըստ նրա՝ այսօր սպառողների հետ անհրաժեշտ է կապ հաստատել, եւ դրա համար լայն հնարավորություններ են ընձեռնում սոցիալական ցանցերը:

«Սոցցանցերում կարող է ընկերության կամ ապրանքի մասին իմիջ ձեւավորվել, որին չհետեւելու դեպքում տարբեր հետեւանքներ կարող են լինել: Այս պատճառով անհրաժեշտ է սոցցանցում ակտիվ գործունեություն ծավալել»,- ընդգծեց մարկետինգի դասականը՝ խորհուրդ տալով մարկետինգի մասնագետներին չանտեսել սոցցանցում իրենց ընկերության էջերի մասնակիցների առաջարկները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ