News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նշվում է, որ Վաշինգտոն այցի առաջին օրը մեկնարկել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ հանդիպումով, որի ընթացքում ՖՆ կողմից ներկայացվել  է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, անդրադարձ կատարվել ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին ու գրանցված արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին ԱՄՀ շարունակական աջակցության համար՝ հատկապես տեխնիկական աջակցության գործիքների միջոցով: Իր հերթին ԱՄՀ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակելու աջակցությունը:

ՖՆ պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել նաև ՀԲ կրթության և տրանսպորտի թիմերի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են նշյալ ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տրանսպորտային խոշոր տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀԲ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հայկական պատվիրակության համար կազմակերպվել է նաև «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» առանձին հանդիպում, որին մասնակցել են Հիմնադրամի դոնոր հանդիսացող մի շարք երկրների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում նախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասեցագրմանն ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը, ինչպես նաև մշակվող միջնաժամկետ ծրագրերի վերաբերյալ մանրամասներ: Վերջինիս շրջանակներում հատուկ շեշտադրվել է բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման առաջնահերթությունը: 

Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հիմնադրված «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» («Global Concessional Financing Facility», Հիմնադրամ) շահառու, որի նպատակն է աջակցել փախստականներ ընդունող երկրներին: Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ հիմնադրամին թիրախային՝ Հայաստանի օգտին հատկացրել է 10 միլիոն եվրո, ԱՄՆ-ն՝ 5 միլիոն եվրո։

ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների  երկրորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցել է «Միջին միջանցքի» ներքո համագործակցության և խաղաղության նախաձեռնությունների վերաբերյալ քննարկմանը։ Մասնավորապես, քննարկվել են «Միջին միջանցքի» նախագծին ՀՀ հնարավոր մասնակցության հեռանկարները և ուղղությունները։ Հայկական կողմն ընդգծել է նման տարածաշրջանային նախաձեռնություններին ՀՀ մասնակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել մասնակցելու վերջինիս միանալու համար անհրաժեշտ աշխատանքներին։

ՖՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Հայաստանն ընդգրկող երկրների խումբը համակարգող գործադիր տնօրեն պարոն Եվգենի Ռուգենաթի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին, այնպես էլ առաջիկայում ջրային, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերին, կարևորվել է նաև ընթացիկ բյուջետային աջակցության ծրագիրը։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները և դրանց հասցեագրման հնարավոր տարբերակները, ինչպես նաև նրանց ինտեգրման մեխանիզմների ֆինանսավորման հարցերը։

Հանդիպումներ են կայացել նաև ԱՄՀ՝ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ: Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ