News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարն ապրիլի 18-ին պաշտոնապես բացվել է լայն հանրության համար։ Այն ներկայացված է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով Վենետիկի «Մագազինո դել սալե» հարթակում:

Հայաստանի տաղավարի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Սարգիս Սարուխանյանը, տաղավարի հովանավորներ «Գաֆէսճեան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը և «Ֆաստեքս» կազմակերպության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

Տաղավարի հանձնակատարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է, իսկ համադրողը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը. «Այս հարթակը Եվրոպայի մշակութային զարկերակներից մեկն է, որտեղ մշտապես ներկայացվում են հետաքրքիր նախագծեր։ Արվեստագետ Նինա Խեմչյանի աշխատանքը ոչ միայն հոգևորի, այլև տիեզերականի, մարդկային էության և աշխարհի ընկալման մասին է։ Նինա Խեմչյանը մեզ հրավիրում է մտածելու անցյալի, ներկայի և ապագայի շուրջ»։

Դանիել Դանիելյանը նաև ընդգծել է, որ այս հեղինակավոր հարթակում պետությանը ներկայացնելը յուրաքանչյուր արվեստագետի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։

«Հաջողությունը կարող է խթանել մեր բազմաթիվ երիտասարդների՝ հետագայում մշակութային բարձր հարթակներում ներկայացնելու իրենց նախագծերը, որոնցից է նաև բիենալեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու արվեստագետների նորարար գաղափարներին։

Հայաստանի տաղավարի բացմանը հնչել են Մեսրոպ Մաշտոցի շարականները՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ։

Հայաստանի ազգային տաղավարի առանցքում հայ միջնադարյան մշակութային ժառանգության և համամարդկային տարաշերտ հոգևոր սկզբունքների խաչմերուկում հատվող գաղափարներն են, որոնք վերաիմաստավորվում են արդիականության համատեքստում։ Նինա Խեմչյանի «Արձագանքը» բաղկացած է երկու ծավալուն՝ միմյանց լրացնող և միաժամանակ իրարից սերող ինստալյացիաներից։ Հայաստանի ազգային տաղավարի կենտրոնական ինստալյացիան բաղկացած է օդում՝ կարծես անկշռության մեջ կախված տասնմեկ երկնագույն կերամիկական գնդերից։ Այս քանդակներից յուրաքանչյուրի վրա ոսկե տառերով պատկերագրված են Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականներից տասնմեկը։

Բազմամարդ տաղավարում նախագծի հայեցակարգը հանգամանորեն ներկայացրել են նախագծի համադրող Արմեն Եսայանցը և արվեստագետ Նինա Խեմչյանը։

Հայաստանի տաղավարի գործունեության ընթացքում անցկացվելու են նաև կրթական ծրագրեր ու տարաբնույթ հանդիպումներ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ