News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Սա Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի ուղղակիորեն կյանքի վճռորոծ դրսեւորումն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ողջ գիշերն անցկացրել է Բաղանիսում, տեղի բնակիչների հետ:

«Մեր կողմից գործընթացն ամբողջությամբ կասեցնելու պահանջ է դրվել: Մոլորեցնողն այն է, որ ամբողջը դնում են ժողովրդի վրա, ասում են՝ ձեր ուզածն ենք արել: Սա քայքայվող առաջնագծի, քայքայվող սահմանի եւ ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության տրամաբանության մասին է:

Հայտարարում են, որ 2,5 գյուղ զիջելով նվազեցնում ենք անվտանգության ռիսկերը: Այսպիսի բան չի լինում աշխարհում ոչ մի տեղ: Գյուղացիները չեն որոշում պետության սահմանների հարցը»,-ասաց նա:

Գալստանյանը տեղեկացրեց, որ վաղ առավոտյան եկել են Ոսկեպար, հանդիպել են բնակիչների հետ՝ հասկանալու նրանց տրամադրությունները, իսկ հիմա պետք է մեկնեն Կիրանց: Նրա խոսքով, Կիրանցում ինչ-որ գործընթացների են անցել, չափագրումներ են անում, ճանապարհ են ուզում արագ-արագ սարքեն:

«Պետք է գնանք, տեսնենք՝ ինչ են անում: Մենք առավոտյան Ոսկեպարում էինք, ամբողջ գիշեր եղել ենք Բաղանիսի այն հատվածում, որ փակ էր: Առավոտյան Ոսկեպարում էինք, որ հասկանանք ժողովրդի տրամադրությունները: Հիմա էլ պետք է գնանք Կիրանց, որ հասկանանք, թե գործնականում այնտեղ ինչ են անում:

Սա ոչ մի սահմանազատման տրամաբանության մեջ չի, սա անօրինական, ապօրինի գործընթաց է, որ տեղի է ունենում: Սրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու:

Համախմբում է պետք, Հայաստանի բոլոր հնարավոր վայրերում: Սա բոլորի տունն է մտնելու, անպայման չէ, որ գա, հասնի իրենց դռան շեմը: Պետք է կասեցնել այս գործընթացը: Սա պետք է լինի նվազագույն ծրագիրը, առավելագույն ծրագիրն է, որ այս մարդիկ, որոնք այսպես են գործում իրենց ղեկավարի գլխավորությամբ, մեր ժողովրդի հանդեպ, իրավունք չունեն շարունակել իշխանավարել»:

Բագրատ Սրբազանի խոսքով, Տավուշի մարզպետը երեկ եկել է Կիրանց գյուղ, որտեղ ինքը հանդիպել է մարզպետին. «Ես հստակ հարցը դրել եմ, ասել եմ՝ սա ամբողջությամբ ապօրինի գործընթաց է: Այնուհետեւ մեկնել է Բաղանիս: Այնտեղ ոչ մեկին չի հանդիպել»:
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին եւ հարցին, թե արդյոք նախատեսում են գործընթացները տեղափոխել Երեւան, նա ասաց. «Մեր մոտից այս պահին այդպիսի խնդիր դեռ չկա, բայց Երեւանում կարող են սկսել, ովքեր կարող են, հնարավորություն ունեն ժողովրդին համախմբելու: Էլ ժամը չի, որ մեկը մյուսին հանդուրժելու, սիրել-չսիրելու պատմություններ լինեն: Մենք այստեղ պահանջն ենք ձեւակերպելու եւ հաջորդական քայլերը, որ առաջիկայում պարզ կլինի՝ որոնք են»:

Նշենք, որ ողջ գիշեր փակ է եղել դեպի Վրաստան տանող միջպետական ճնապարհը, որը առավոտյան բացվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ