News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները համաձայնել է դուրս բերել իր զորքերը արևմտյան աֆրիկական Նիգեր պետությունից, ուրբաթ օրը CBS News-ին հաստատել է Պետդեպարտամենտի պաշտոնական աղբյուրը։

Աղբյուրի համաձայն, ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելը և Նիգերի վարչապետ Ալի Լամին Զեյնը «պարտավորվել են հենց այսօր բանակցություններ սկսել Նիամեյում՝  Նիգերից ամերիկյան զորքերի կանոնավոր և պատասխանատու դուրսբերման պլանավորումը  կազմակերպելու համար»:

Երկու պաշտոնյան էլ «հաստատել են երկկողմ հարաբերությունների կարևորությունը և պայմանավորվել շարունակել համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում», - ասել է աղբյուրը։

Նիգերում կա մոտ 1000 ամերիկացի զինվորական։

Նիգերը կենտրոնական դեր է խաղում Աֆրիկայի Սահել շրջանում ամերիկյան զինվորականների  գործողությունների համար:

Նիգերում՝ Ագադեզ քաղաքում, տեղակայված է ԱՄՆ-ի խոշոր ավիաբազան, որն օգտագործվում է հետախուզական թռիչքների և այլ գործողությունների համար: ԱՄՆ-ն նաև հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել Նիգերի զինվորականների վերապատրաստման համար, այդ երկրում 2013 թվականին  գործողություններ սկսելու պահից։

Սակայն Նիգերի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները սրվեցին անցյալ տարվա հուլիսին՝ ըմբոստացած զինվորականների կողմից երկրի նախագահին տապալելուց հետո:

Հոկտեմբերին Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց, որ  երկրում տեղի ունեցածը ռազմական հեղաշրջում է, ինչին հաջորդեց ԱՄՆ այն օրենքների ընդունումը, որոնք սահմանափակում էին ռազմական աջակցությունն ու օգնությունը, որը հնարավոր էր տրամադրել Նիգերին։ Մարտին ամերիկյան պատվիրակությունը մեկնեց Նիգեր՝ բարձր մակարդակով բանակցություններ վարելու և երկու կողմերի շահերից բխող համաձայնության ձեռքբերման հնարավորությունը պարզելու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ