News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժմանել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ով այս պահին զրուցում է գյուղացիների հետ:

Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է, որ գյուղացիները փակել են ճանապարհը եւ հրաժարվում են բացել այն: Նրանք նշում են, որ վտանգված է իրենց գյուղը, իրենց ճանապարհը, պահանջում են գործընթացի կասեցում։

«Սա մեր հողն է։ Մենք ուզում ենք մեր գյուղը, մեր հողը։ Ժողովուրդը խաբվել է, էլ ոչ մեկի չի ուզում լսել»,-ասում են գյուղացիները։

Վահե Ղազարյանն իր խոսքում նշեց. «Տավուշի մարզպետը ինչ ասել է, ճիշտ է ասել: Ընդհուպ, որ երեկ մարզպետը եկել է անվտանգության խորհրդի նիստին, ճիշտ է ասում, ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաեւ ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու»,-ասաց նա:

«Հայկական պետականության համար» կոորդինացնող շտաբի ղեկավար Սուրեն Պետրոսյանը հարցրեց, թե արդյոք կիրանցիները պետք է որոշեն, թե որտեղով անցնի սահմանը, ՆԳ նախարարն արձագանքեց. «Մարդիկ բան չիմանալով, գալիս կողքից խառնում են մարդկանց: Ես եկել եմ Կիրանցի ժողովրդի հետ խոսելու: Ես եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետեւից սեւ գործ անող չկա, սաղ ամեն ինչից տեղյակ եք լինելու»:

Բնակիչներից մեկը նկատեց, որ զինվորն իր արյան գնով գծել է սահմանը, թողեք այդպես մնա. «Դուք հիմա վրե՞ժ եք ուզում լուծեք կիրանցիներից: բա ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերենք մեր քթի տակ»:

ՆԳ նախարարն ասաց. «Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի; Բաներ կան, որ չեմ կարող հրապարակային ասել, կարող ենք գնալ, փակ հանդիպել, ես բացատրեմ»:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ եթե ադրբեջանցին գա, կանգնի գյուղի կողքը, գյուղան այլեւս անկեսունակ է լինելու. «Որեւէ  երաշխիք չկա, որ ադրբեջանցին դրանից հետո իրեն հանդարտ է պահելու: Երկրորդ, սահմանազատումը պետք է այնպես արվի, որ որեւէ գյուղի կենսունակության վրա դա չազդի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ