News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայում դատարանը վերսկսել է Իսպանիայի վարչապետի բջջային հեռախոսը լրտեսելու կասկածանքով հետաքննությունը՝ Ֆրանսիայում նմանատիպ հետաքննության հետ համագործակցելու խնդրանքից հետո: Իսպանիայի Ազգային դատարանի դատավորը երեքշաբթի հայտարարել է, թե հիմքեր կան ենթադրելու, որ Ֆրանսիայի տրամադրած նոր տեղեկությունը կօգնի հետաքննության մեջ առաջընթաց գրանցելուն:

Ըստ Associated Press-ի ՝ երկու հետաքննություններն էլ վերաբերում են իսրայելական NSO Group ընկերության մշակած Pegasus լրտեսական ծրագրերի ենթադրյալ օգտագործմանը: Pegasus լրտեսական ծրագիրը տվյալներ հավաքելու և բաժանորդներին լրտեսելու նպատակով անաղմուկ ներթափանցում է հեռախոսներ և այլ սարքավորումներ: NSO Group-ը պնդում է, որ ծրագիրը տրամադրվում է միայն կառավարություններին՝ ահաբեկչության և անվտանգության այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար։

Անվտանգության հետազոտողների և  լրատվամիջոցների 2021-ի գլոբալ հետաքննության տվյալներով՝ Pegasus-ն օգտագործվել է 50 երկրում ավելի քան 1000 մարդկանց, դրանց թվում՝ ակտիվիստներին և լրագրողներին լրտեսելու համար:

Իսպանիան 2022-ի մայիսին հայտարարեց, որ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը և երեք նախարարներ, որոնց թվում՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարները, հայտնվել են Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում։ Դատա​​քննությունը ժամանակավորապես հետաձգվեց՝ անարդյունավետության պատճառով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և մի քանի նախարարներ նույնպես, ենթադրաբար, ենթարկվել են Pegasus-ի գրոհներին:

Pegasus-ի լրտեսման մեկ այլ գործով հետաքննության շրջանակում Իսպանիայի կառավարությունը խոստովանել է, որ ծրագրին օգտագործել է կատալոնացի առաջատար անջատողականների հեռախոսները կոտրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ