News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ոճրագործությունից մեկ դար անց Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ միաժամանակ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու հարցում։  Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

1914-1918 թթ. երիտթուրքական կառավարությունը իրականացրեց հայ ժողովրդի համակարգված բնաջնջում, որը շարունակությունն ու գագաթնակետն էր 1894-1896 թթ. համիդյան ջարդերից ու 1909թ. Ադանայի կոտորածից հետո։ Առաջնորդվելով պանթյուրքական գաղափարախոսությամբ և օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի ստեղծած հարմար պահը` 1914 թ․ վերջերից երիտթուրքական կառավարությունը սկսեց հայ ժողովրդի ցեղասպանությունը։

Թուրքական պետության կողմից մանրակրկիտ ծրագրված և իրականացված այս ցեղասպանության հետևանքով բնաջնջվեց ավելի քան 1,5 միլիոն հայ, իսկ հազարավորները դարձան տարագիր՝ սփռվելով աշխարհով մեկ ու զրկվելով հազարամյա իրենց բնօրրանից։

Այս ոճրագործությունից մեկ դար անց Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ միաժամանակ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու հարցում։

Օսմանյան և հանրապետական Թուրքիայի հակահայկական այս քաղաքականությունը որդեգրեց նաև Ադրբեջան պետությունը։ Ադրբեջանը 1918-20-ական թվականներին հայերի ջարդեր իրականացրեց Բաքվում, Նուխիում, Արեշում, Շուշիում, 1988-90-ականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում։ Ադրբեջանում ևս, ինչպես Թուրքիայում, գովասանքի և պետական պարգևների արժանացան հայերին սպանողները։ Դեռևս 1992թ. Մարաղայի ջարդերն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևին ազգային հերոսի կոչում շնորհելը նշվածի վառ օրինակներից է ու նաև նախադեպ 2004թ. Ռամիլ Սաֆարովի, 2016 թ․ Ապրիլյան պատերազմի և 2020թ․ Արցախյան պատերազմի ու դրան հաջորդած տարիներին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի ռազմական հանցագործների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ հայերին ոչնչացնելով և տեղահան անելով՝ Թուրքիայում նաև ոչնչացվեց հայկական մշակութային հետքը։ Նույն այդ քաղաքականությունը որդեգրեց նաև Ադրբեջանը։ Բաքուն շարունակում է ԼՂ-ում հայկական պատմամշակութային արժեքների պղծումն ու համակարգված ոչնչացումը՝ հայկական հետքն այնտեղից հիմնահատակ ջնջելու նպատակով։

«2023 թ․ Ադրբեջանի կողմից իրագործվեց արցախահայության բռնագաղթը։ 21-րդ դարում նորից հայությունը ենթարկվեց կոտորածների և բռնի տեղահանումների։ Ավելին, ադրբեջանցիները, զավթելով Ստեփանակերտը, նրա փողոցներից մեկը վերանվանեցին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրագործած երիտթուրք Էնվերի անունով»,- շեշտվում է հայտարարության մեջ:

«Գեղարդ» հիմնադրամի հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ թեև Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել ու դատապարտվել է բազմաթիվ պետությունների, կազմակերպությունների, նահանգային ու ինքնակառավարման մարմինների ու խորհուրդների կողմից, սակայն արդարադատության պատշաճ կերպով իրականացման ձախողումը նախադեպ է ստեղծել ոչ միայն Հայաստանում ու ԼՂ-ում, այլև աշխարհում մարդկության դեմ շարունակվող վայրագությունների ու ցեղասպանությունների համար։

«Միջազգային հանրության ու դիվանագիտական շրջանակների համար հրամայական է ներդնել հստակ մեխանիզմներ ու ձեռնարկել վճռական գործողություններ՝ կանխելու հայ ժողովրդի դեմ հերթական ագրեսիան ու ոճրագործությունը՝ դրանով իսկ նախադեպ ստեղծելով աշխարհում արյունահեղությունների ու ոճրագործությունների կանխարգելման համար»,- եզրափակվում է հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա. Արցախի նախկին նախարար
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը…
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող...
Հունգարիայի արտգործնախարարը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին…
ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության
Լուկաշենկոն իր «եղբայր» Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք
Նշվում է միայն, որ Լուկաշենկոն և Ալիևն այցելել են նորկառույց շենք...
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ