News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ ոգեկոչելով 20-րդ դարասկզբի արհավիրքի զոհերի հիշատակը։

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի նախարարների խորհրդի փոխնախագահ Մատեո Սալվինին, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Արաբական լիգայի դեսպան Ինաս Մեքքավին, Իտալիայի արաբական «Ասադաքահ» ասոցիացիայի փոխնախագահ Մոհամմադ Յուսեֆը և այլ պաշտոնյաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իտալաարաբական կենտրոնը հանդես է եղել ուղերձով, որում ևս մեկ անգամ արձանագրված է այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին նման ոճրագործությունն էր։

«1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը սկսվեց հայ ժողովրդի համակարգված բնաջնջումը Օսմանյան կայսրության տարածքներում։ Երիտթուրքերի ազգայնական կազմակերպության նպատակը, որը ծնվել է 20-րդ դարի սկզբին և իշխանության եկել 1909 թվականին, թուրքական ազգային պետություն ստեղծելն էր՝ տասնիններորդ դարում կազմավորված եվրոպական նոր երկրների օրինակով։

Հայերը, այլազգի քրիստոնյաներն ու հնդեվրոպացիներն ազգայնական այդ երազանքն ավարտին հասցնելու ճանապարհին ամենաակնհայտ խոչընդոտն էին, որ պետք է վերացվեր։ Հայերը, հույները, ասորիները՝ երեք կարևորագույն քրիստոնեական համայնքները, առաջին թիրախն էին։

1915 թվականի ցեղասպանությունը սկսվել է Պոլսում ապրիլի 24-ի գիշերը՝ մտավորականների, գիտնականների, բանաստեղծների տներում։ Մեկ ամսում հազարից ավելի հայ մտավորականներ աքսորվեցին և ճանապարհին կոտորվեցին։ Ձերբակալություններն ու տեղահանությունները հիմնականում իրականացվել են երիտթուրքերի կողմից։ Մահվան երթերին մասնակցում էր 1,200,000 մարդ։

Նրանցից հարյուր հազարավոր մարդիկ մահացան սովից, հիվանդություններից կամ հյուծվածությունից: Այսօր էլ Թուրքիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ «տեղահանության» ժամանակ հայերի մահը չի կարող «ցեղասպանություն» համարվել։ Իր հիմնադրումից ի վեր՝ «Ասադաքահ»-ն ամեն կերպ պայքարել է Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և եվրոպական պետությունների կողմից այդ սարսափելի ցեղասպանությունը ճանաչելու համար»,- ասված է ուղերձում։

Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հերթին նշել է, որ 109 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային ողբերգության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, քանի որ Օսմանյան կայսրությունը կազմակերպեց և իրականացրեց մեկուկես միլիոն հայերի սիստեմատիկ կոտորածը կայսրության տարածքում։

«Հարյուր հազարավոր մարդիկ գաղթել են աշխարհի տարբեր ծայրեր, մնացածներն ընդունել են իսլամ։ Հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը կրել է անդառնալի կորուստներ, ոչնչացվել են հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ ու վանքեր, մեր ինքնության կարևոր խորհրդանիշները։

Մենք հավերժ երախտապարտ կմնանք բոլոր երկրներին, մասնավորապես՝ եղբայրական Իտալիային, որ ապաստան դարձան ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի համար և նրանց հնարավորություն տվեցին ոչ միայն գոյատևելու, այլև ապրելու, ստեղծագործելու և լիարժեք ինտեգրվելու հասարակական կյանքում: Այս մարդիկ, ովքեր այսօր այստեղ են, մեզ հետ են, իրենց հերթին արել են հնարավորն իրենց երկրորդ հայրենիքը դարձած Իտալիայի բարգավաճմանն ու բարօրությանը նպաստելու համար»,- ասել է դեսպանը։

Դիվանագետի խոսքով՝ չնայած անմարդկային վայրագություններին, հայ ժողովուրդն իր անխոնջ աշխատանքի և ջանքերի շնորհիվ կարողացավ ոտքի կանգնել, պահպանել իր ինքնությունն ու մշակույթը, վերականգնել անկախ պետությունը։

«Պատմական փաստերի, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումն ու խեղաթյուրումը, ճշմարտությանը առերեսվելու ձախողումը, միջազգային հանրության կողմից ոչ ուղղակի դատապարտումները պարարտ հող են ստեղծում նոր վայրագությունների և հանցագործությունների համար, որոնց ականատեսն ենք այսօր էլ աշխարհի տարբեր վայրերում՝ ներառյալ մեր տարածաշրջանը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր, գրեթե մեկ տարվա պաշարումից և դրան հաջորդած ռազմական ագրեսիայից հետո, ստիպված եղան լքել հազարավոր տարիներ շարունակ իրենց նախնիներով բնակեցված երկիրը՝ թողնելով ամեն ինչ՝ իրենց տունը, ապրանքները, մշակութային ժառանգությունը և իրենց հետ տանելով միայն հիշողությունը»,- նշել է Համբարձումյանը։

Նրա բնորոշմամբ՝ մեծ չարիքը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է, և ապրիլի 24-ն առիթ է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու մեր անմեղ նահատակների հիշատակին, այլև մտածելու մեր պատմության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պետք է ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը։

«Դրա ամենաարդյունավետ արտահայտությունը անկախ պետությունն է՝ կայացած ինստիտուտներով։ Այս գիտակցությունը մեզ ստիպել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մեր ժողովրդի և մեր տարածաշրջանի խաղաղ զարգացման համար, քանի որ սեփական անվտանգության երաշխավորման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետություն և խաղաղություն ստեղծելն է։ Մենք պետք է անընդհատ համայն հայության ջանքերը, մեր ողջ ներուժի միավորումն ուղղենք հենց այս նպատակին։ Ինքնիշխան պետությունը Հայոց ցեղասպանության զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենաշոշափելի միջոցն է և պետք է դառնա հայ ժողովրդի ապրելու անխորտակելի կամքի խորհրդանիշն ու ապացույցը։ Ինչպես ասել է Էրիխ Մարիա Ռեմարկը. «Խավարի ժամանակ լավ մարդիկ իրենց ավելի լավ են տեսնում»: Մենք, ավելի քան մեկ ուրիշը, ստուգել ենք այս խոսքերի ճշմարտացիությունը։ Եվ, հետևաբար, թույլ տվեք հատկապես շնորհակալություն հայտնել Նախարարների խորհրդի փոխնախագահ, սենատոր Մատեո Սալվինիին, բոլոր հարգելի անդամներին, սենատորներին, դեսպաններին, կրոնական ներկայացուցիչներին, ովքեր այսօր մեզ հետ ներկա են այստեղ և միշտ մեր ժողովրդի կողքին են»,- եզրափակել է Իտալիայում ՀՀ դեսպանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ