News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է «Տարվա լավագույն պարեկ»-ի կոչմանն արժանացած Խաչիկ Հովհաննիսյանը։

«Երրորդ տարին է՝ ինչ Հայաստանի Հանրապետությունում գործարկվել է Պարեկային ծառայությունը՝ իր շուրջ համախմբելով եռանդով լի, ծառայությանը նվիրված երիտասարդների:

Խաչիկ Հովհաննիսյանը լսելով Պարեկային ծառայության ստեղծման մասին՝ ՆԳՆ կրթահամալիրում անցել է հնգամսյա դասընթացներ, գերազանցությամբ ավարտել այն, իսկ արդեն 2023 թ. ճանաչվել է տարվա լավագույն պարեկ:

«Միջազգային հարաբերությունների մասնագետ եմ: 2021 թ. տեղեկացա Պարեկային ծառայության ստեղծման մասին: Հայեցակարգն ինձ գրավեց՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում, բացահայտում, հասարակական կարգի անվտանգության, ճանապարհային երթևեկության ապահովում, ու այդ գործառույթները դրված են պարեկային ծառայողի վրա: Մասնակցեցի մրցույթին, բարեհաջող անցա, որակավորվեցի և 2022 թվականից ծառայում եմ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում»,-ասում է Խաչիկ Հովհաննիսյանը:

2023 թ. ընթացքում Խաչիկ Հովհաննիսյանը բացահայտել է հանցագործության 170 դեպք, կազմել է 1350 արձանագրություն: Մեզ հետ զրույցում ասում է՝ հաջողության գրավականը մեկն է՝ պետք է հավատարիմ լինել օրենքին. եթե զգացմունքներով առաջնորդվես, ձախողելու ես: Ասում է՝ եթե նույնիսկ ծառայության մեջ չի, միևնույն է, չի կարողանում անտարբեր անցնել իրավախախտման դեպքերի կողքով:

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի խոսքով՝ «Խաչիկ Հովհաննիսյանը աչքի է ընկնում բարեխիղճ ծառայությամբ, քաղաքացիների հետ կիրթ է, բացահայտել է հանցագործության դեպքեր՝ թմրանյութի, գողության, մարտական զենքի հայտնաբերման և այլն: Գրագետ, բարձր ինտելեկտ ունեցող, ծառայակից ընկերների կողքին կանգնած, ամեն հարցում հասնող, հրամանատարների ցուցումները գերազանց կատարող՝ այդպիսին է Խաչիկ Հովհաննիսյանը»:

Խաչիկը մեզ հետ զրույցում ասում է, որ Պարեկային ծառայության շնորհիվ յուրաքանչյուր օր բարձրանում է քաղաքացիների իրազեկվածությունը, աճում է ոստիկանի և իրավապահ համակարգի հանդեպ վստահությունը. «Ոստիկանության խնդիրների մեջ մտնում է նաև քաղաքացիներին աջակցելը, և պարեկային ծառայողը ցանկացած իրավիճակում օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու աջակցում է: Եթե ոստիկանն իր աշխատանքը կատարում է բարեխիղճ, օրենքի շրջանակներում, քաղաքացիների կողմից այդ ազդակները, միանշանակ, դրական են լինում: Վստահ եմ, որ քաղաքացիների մեծ մասի մոտ պարեկային ծառայողը դրական ընկալում ունի»:

Խաչիկ Հովհաննիսյանի գործընկեր, ոստիկանության լեյտենանտ Լևոն Բարսեղյանը պատմում է, որ ծանոթացել են ծառայության բերումով, իսկ կարճ ժամանակ անց համատեղ ծառայությունը վեր է ածվել ընկերության: «Խաչիկի հետ ծանոթացել եմ պարեկային ծառայություն ընդունվելուց հետո, ընդգրկվել ենք մի կարգախմբում: Կատակասեր, ազնիվ, շատ լավ մարդ է: Միասին շատ հաջողություններ ունենք ծառայության մեջ: Ծառայության ժամանակ Խաչիկը խստապահանջ է, իսկ գործից դուրս մենք այլ միջավայրում ենք շփվում՝ ընկերական»:

«Լավագույն պարեկային ծառայող ճանաչվելը ոչ միայն հաճելի է, այլև պարտավորեցնող»,-ասում է Խաչիկը: Նա իրեն համարում է մեծ համակարգի մի մասնիկ: Ասում է՝ սիրելով պետությունը, բարեխիղճ աշխատելով՝ նպաստում ես պետության զարգացմանը, ներքին անվտանգության ապահովմանը: Հզոր պետության հիմքն էլ ամուր ընտանիքն է: Խաչիկը ունի մեկ դուստր. ասում է, որ աշխատանքից ազատ ժամերը նվիրում է ընտանիքին:

Ոստիկանի մասնագիտությունը գիտակցված և սիրելով է ընտրել: Մեր զրույցը եզրափակում է՝ կարևորը հայրենիքի նկատմամբ սերն է. եթե սիրես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես»։

Տպել
Ամենաշատ