Մոսկվայում նոյեմբերի 16-ի գիշերը սպանվել է չեչեն հայտնի պոետ Ռուսլան Ախտախանովը: Պոետը մահացել է հինգ հրազենային վնասվածքներից, փամփուշտներից մեկը գլխին է դիպել:

Հանցագործը փախուստի է դիմել «Ֆորդ Ֆոկուս» ավտոմեքենայով: Ավելի ուշ վառված մեքենան հայտնաբերվել էր հանցանքի վայրից մի քանի թաղամաս այն կողմ: Այրված սրահում գտնվել է խլացուցիչով ատրճանակ:

Հանցագործության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:
Իր հերթին «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ Ռուսլան Ախտախանովի սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված է եղել: Հետաքննիչները հակված են մտածելու, որ Ռուսլան Ախտախանովի սպանությունը կատարվել է հյուսիսկովկասյան ընդհատակյա ավազակախմբի պատվերով: Այդ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ:

Ռուսլան Ախտախանովը 58 տարեկան էր: Նա պոետ է, ակադեմիկոս, Ժամանակակից հումանիտար ակադեմիայի ռեկտորի տեղակալ: 2009թ. արժանացել է Արտեմ Բորովիկի անվան հատուկ մրցանակի` «Հպարտանում եմ աշխարհին հերոսներ պարգեւած Չեչնիայով» բանաստեղծությունների ժողովածուի  համար:

Ախտախանովը միշտ Չեչնիայի Հանրապետությունը Ռուսաստանի կազմում պահպանելու օգտին է հանդես եկել: Նա կողմնակից է եղել հանրապետության ոչ միայն կրոնական, այլեւ աշխարհիկ զարգացմանը, ինչը ավազակային ռադիկալ տրամադրված խմբերի դժգոհությունն է հարուցել, հայտնում է  «Նորությունների ռուսական ծառայությունը»: