Ադրբեջանի «Բաց հասարակություն» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի` «Ազադլըգ» թերթին ուղարկած հոդվածում այս անգամ փորձել է զուգահեռներ անցկացնել Թունիսի եւ Ադրբեջանի միջեւ` կանխորոշելով թունիսյան ապագա Ադրբեջանի համար, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

Երկու պետություններին համեմատելիս հեղինակն առաջին հերթին ընդգծել է Թունիսի նախագահ Բեն Ալիի կնոջ Լեյլա Ալիի եւ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի ուժեղ ազդեցությունը երկրի ներսում եւ ներքաղաքական կյանքում:

«Ուշագրավ է, որ արտասահմանյան լրագրողներից մեկին տված հարցազրույցում Բեն Ալին մի անգամ ասել էր, որ իր կինը մարդասեր է, նա օգնում է գործազուրկներին, իր կատարած բարեգործական աշխատանքների համար նա արժանանում է այլ պետությունների օրդենների: Լրագրողը հարցրել է, բայց չէ որ «Տրաբելսի» (կնոջ հայրական ազգանունը) ընտանիքի անունը լսելիս թունիսեցիները սարսափելի զայրանում են, ի պատասխան` Բեն Ալին հայտնել է, որ իր կնոջ ազգանունը Ալի է»,-գրում է Ռասուլ Գուլիեւը` Լեյլա Ալիի կարգավիճակը համեմատով Մեհրիբան Ալիեւայի կարգավիճակի հետ, երբ վերջինս ղեկավարելով Հեյդար Ալիւի անվան հիմնադրամը, հսկայական գուրմարներն անտեղի է ծախսում, հավանաբար միայն օրդենների արժանանալու համար: Փաշաեւների պես Լեյլայի ընտանիքը եւս իր վերահսկողության  տակ վերցրեց երկրի բիզնեսային բոլոր ոլորտները: Ընդ որում, Ֆրանսիան Լեյլա Ալիին եւս օրդեն է շնորհել, իր «բարեգործությունների եւ մարդասիրության» համար»,-գրում է հեղինակը:

«Թունիսի առաջնորդ Բեն Ալիի վարչակարգի եւ Ադրբեջանում Ալիեւների վարչակարգի միջեւ եւ մեկ նմանություն կա. երկուսն էլ փորձում են գործողության մեջ դնել իսլամական ծայրահեղականությունից հրաժարվելու «տրյուկը»: Բեն Ալին պայքար էր մղում «իսլամական ծայրահեղահանության» դեմ, արգելում էր կրոնական եւ ձախակողմյան ուղղվածություն ունեցող կուսկացություններին մասնակցել ընտրություններին: Նմանօրինակ զարգացումներ են նկատվում նաեւ Ադրբեջանում` կապված Իսլամական կուսակցության առաջնորդի եւ կուսակցության այլ անդամների ձերբակալության հետ»,-արձանագրում է Ռասուլ Գուլիեւը: Իր հոդվածում հեղինակը նշել է նաեւ Թունիսի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարբերություններին: «Թունիսը կաշառակերության առումով զիջում էր Ադրբեջանին, որտեղ դրությունը Թունիսի համեմատ շատ ավելի վատ է: Ճիշտ է ադրբեջանցի որոշ «հայրենասերներ» փորձում են պատճառաբանել, որ իբր այդ գումարները ծախսվում են միջազգային կառույցներին կաշառելու համար, քանի որ «հայկական լոբբին փորձում է արատավորել մեր պետության իմիջը», սակայն դա իրական պատկերը քողարկելու փորձ է»,-նշված է հոդվածում, հաղորդում է «Ազադլըգը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ «Ազադլըգ»-ին ուղարկված մեկ այլ հոդվածում Գուլիեւը կոչ էր արել ադրբեջանցի ժողովրդին ուշքի գալ, քանի որ իրենց Քադաֆիի ճակատագրից էլ վատ բան է սպասվում:

Նշենք, որ Ռասուլ Գուլիեւը ղեկավարում է «Բաց հասարակություն» կուսակցությունը եւ այժմ էմիգրանտի կարգավիճակով հաստատվել է ԱՄՆ-ում: Նրա անունը վերջերս սկսել է շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հարցի առնչությամբ: