News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մինչ պետական մակարդակով քննարկվում է ԱԱԾ տնօրենի և ԱԱԾ բարձրաստիճան սպաների կողմից միասնական համազգեստ կրելու պահանջից հրաժարվելու հարցը, ԱԱԾ համազգեստի նկատմամբ հանցավոր աշխարհում հետաքրքրությունը, կարծես թե մեծանում է:

NEWS.am-ի  տեղեկություններով՝  վերջին ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործություններից առնվազն երեքի դեպքում ենթադրյալ հանցագործություն կատարողները եղել են ԱԱԾ-ի կեղծ համազգեստով:

Վերջին ամենաթարմ օրինակը Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկու գողության դեպքն է, որի կատարման պահին հանցագործները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով: Նույն եղանակով հանցագործը քողարկվել է նաև Գյումրիում՝ տարադրամի փոխանակման կետի վրա իրականացրած հարձակման ժամանակ:

Այս առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտեին՝ պարզելու, թե ՔԿ-ում վերլուծվե՞լ են նման եղանակով իրականացված հանցագործությունների դեպքերը և ի՞նչ քայլեր են իրականացվում ԱԱԾ համազգեստն ապօրինի կրելու դեպքերը կանխելու նպատակով:

Ի պատասխան՝ ՔԿ-ի հատուկ հանձնարարությություններով գլխավոր վարչությունից պատասխանել են, որ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ կեղծ համազգեստով իրականացված հանցագործությունների վերաբերյալ կենտրոնացված վերլուծություն չի իրականացվել:

Մինչդեռ իրավապահ մարմիններին առնվազն պետք է անհանգստացներ հանցագործությունների քողարկման այսօրինակ դրսևորումը՝  հատկապես մեր երկրում ԱԱԾ համազգետի ազատ վաճառքի համատեքստում:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի համաձայն՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Հիշյալ դրույթը տարածվում է նաև ԱԱԾ զինծառայողների նկատմամբ:

Օրենքի հիշյալ դրույթի խախտման դեպքերը բազմաթիվ են, սակայն այս ուղղությամբ իրավապահները, կարծես թե, առաժմ լուրջ անելիք չեն տեսնում:

Ավելին, այս խնդրի վերաբերյալ իրավապահների, հատկապես ԱԱԾ-ի ցուցաբերած հանդուրժողականությունը հանգեցրել է նրան, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստ կրելը դարձել է թրենդային ոչ միայն սովորական քաղաքացիների, այլև պոտենցիալ հանցագործների համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ