News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանը, ով սեպտեմբերին 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք է տեղափոխվել, խնդրում է, հորը հետ վերցնել իրեն ծեծողների դեմ ուղղված բողոքը: Այս մասին NEWS.am-ին փոխանցեց Ժորա Մկրտչյանի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը: Ժորա Մկրտչյանը ներկա պահին դեռեւս գտնվում է հոսպիտալում:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակ զինծառայության է մեկնել Թալինի շրջանի Լուսական գյուղից: Ամիսներ անց վերջինս  վնասվածքներով տեղափոխվել է զորամասի բուժկետ, հետո` Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ` Երեւան:

Իսկ պատճառը հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի պատմելով այն է եղել, որ զինծառայողներից մի քանիսը տղայի զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը եւ տղան ցանկացել է դիմադրել: Արդյունքում հայրը տղային տեսել է անտանելի վիճակում, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած,  ոտքերը` վերք, կապույտ: Տղան նաեւ սրտից է բողոքում, քանի  որ ոտքով միշտ խփել են սրտին:

Ժորա Մկրտչյանի հայրը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տղան շարունակում է գտնվել հոսպիտալում, բայց առողջական վիճակը լավ է: «Գիտակցությունը վերականգնվել է, բայց ծեծի հետեւանքով շարունակում է տարօրինակություններ ցուցաբերել, «ցենզուրայից» դուրս արտահայտություններ անել: Ինձ ասել են, որ նրան ծեծող տղաները ձերբակալված են: Գիտեմ, որ մեկը Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղից է, մյուսը  Գյումրիից, իսկ  մինչեւ ծառայության անցնելը Ռուսաստանում  է բնակվել»,- պատմեց Ժորայի հայրը:

Հարցին, թե միջորդություններ կամ սպառնալիքներ հնչե՞լ են իր հասցեին, որ մեղադրանքը հետ վերցնի, պատասխանեց. «Չէ, բայց Ժորաս, ինչքան զանգում է  խնդրում է, որ այդ տղաներին օգնեմ ազատեմ, մեղադրանքը հետ վերցնեմ, որ գնան հասնեն իրենց ծնողներին, քանի որ չի կարողանում գիշերները քնել: Ասում է ինչ եղել-չի եղել թող անցնի գնա:  Բայց ես մինչեւ վերջ պետք է գնամ, որ նրանք պատժվեն, որպեսզի այլեւս նման դեպքեր չլինեն»:

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ տղային հոսպիտալում սպառնացած լինեն, որ նման խնդրանք է ներկայացնում արձագանքեց. «Չէ, իմ մտքով չի անցել նման բան: Ես չեմ պատկերացնում»:

Մկրտիչ Մկրտչյանը նաեւ փոխանցեց, որ  չգիտի թե տղան, երբ է դուրս գրվելու հոսպիտալից, քանի որ դուրս գրումը ձգձգվում է: Օրինակ, ծնողներին փոխանցել են, որ Ժորան նոյեմբերի 9-ին դուրս է գրվելու, բայց տղան շարունակում է մնալ հոսպիտալում:«Ես դե հովիվ եմ չկարողացա գնալ, բայց կինս ու Ժորայից փոքր տղաս գնացել էին, որ նրան բերեն: Համոզված էինք, որ դուրս կգրվի, բայց ասել էին երկու շաբաթ հետո: Ճիշտն ասած չեմ հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ հետաձգում են: Երեկ էլ, երբ տղայիս հետ հեռախոսով խոսեցի ասաց 21-22-ը դուրս կգրվեմ, բայց չգիտեմ ճի՞շտ է, թե` ոչ»,- տարակուսեց հայրը:

Փորձելով պարզել, թե ներկա պահին ձերբակալվածներ կան, թե ոչ զրուցեցինք ՊՆ քննչական բաժանմունքի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանի հետ: Վերջինս  NEWS.am-ին փոխանցեց, որ սերժանտ Վաչիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Իսկ  շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին  ՀՀ Քր.օր-ի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե կալանքը, այլ հրամանտարության հսկողության տակ գտնվելը:

Ինչ վերբերում է Ժորա Մկրտչյանի դուրս գրվելուն Մերի Սարգսյանը նշեց, որ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Իսկ փորձաքննության ընթացքում նա պետք է գտնվի հոսպիտալում, հետեւաբար չի կարող ասել, թե Ժորան, երբ դուրս կգրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ