News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Նոր Կալեդոնիայում անկախության համար հանդես եկող ուժերի մի մասը, որոնք մասնակցում են անկարգություններին, կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Ինչպես տեղեկացրել է AFP-ն, այդ մասին Դարմանենը հայտնել է France 2-ի եթերում։

Նախարարին հարցրել են, թե արդյոք որեւէ դեր Նոր Կալեդոնիայի  իրադարձություններում խաղում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Չինաստանը եւ Ադրբեջանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դա մի ինչ-որ հորինված բան չէ, դա իրականություն է... Ափսոսում եմ, որ Կալեդոնիայի անկախամետ ուժերի մի մասը համաձայնություն ունի Ադրբեջանի հետ»,- ասել է Դարմանենը՝ նշելով, որ դրանում «կասկած չկա»։

Նա ավելացրել է, որ չնայած միջամտության փորձերին, ոչ մի երկիր ուղիղ ազդեցություն չունի Նոր Կալեդոնիայի իրադարձությունների վրա, եւ Ֆրանսիան «պահպանում է ինքնիշխանությունն» իր տարածքում։

Europe 1-ն իր հրապարակումերում հիշատակում է, որ դեռեւս 2023թ. Ադրբեջանը Բաքու էր հրավիրել այն ուժերի ներկայացուցիչներին, որոնք հանդես են գալիս անկախության օգտին ֆրանսիական Մարտինիկա, Գայանա, Նոր Կալեդոնիա եւ Ֆրանսիական Պոլինեզիա տարածքներից։ Այդ համագումարի արդյունքների հիման վրա ձեւավորվեց «Բաքվի նախաձեռնող խումբը»՝ նպատակ ունենալով աջակցել «գաղութատիրությունից ազատագրման շարժմանը»։

Իսկ ապրիլին Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը եւ Ադրբեջանի Ազգային ասամբլեան ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Ադրբեջանի հետաքրքրվածությունն այդ համագործակցությամբ կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ֆրանսիան լավ հարաբերություններ է պահպանում նրա պատմական հակառակորդի՝ Հայաստանի հետ, այդ թվում համագործակցում է ռազմական ոլորտում։

Երկուշաբթի օրվանից Նոր Կալեդոնիայում, որը վաղուց ձգտում է անկախանալ, բողոքներ են սկսվել ընտրական իրավունքի սահմանադրական բարեփոխման դեմ, որը թույլ է տալիս տեղական ընտրություններում քվեարկել տարածքում 10 տարի ապրած բնակիչներին։

Բախումներում սպանվել է առնվազն երեք մարդ, չորս հոգի, այդ թվում ժանդարմներ, լուրջ վիրավորումներ են ստացել։ Վիրավորների թիվը գերազանցում է 300-ը։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը մայիսի 15-ի երեկոյան հայտարարել է Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն մտցնելու մասին։

2021թ. Նոր Կալեդոնիան հանրաքվեում ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է հօգուտ Ֆրանսիայից անկախության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ