News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Ինչպե՞ս Հայաստանը գրավիչ դարձնել միջազգային ներդրողների համար։ Ի՞նչը կարող է օգնել ավելի շատ ներդրումներ ներգրավել երկրում ընդհանրապես և տեխնոլոգիական ոլորտում մասնավորապես: Եվ ի՞նչ դեր կարող են ունենալ միջազգային կորպորացիաներն ու ներդրողները Հայաստանում բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։ Այս բոլոր հարցերի քննարկմանն էր նվիրված Երևանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած պանելային քննարկումը:

Ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովան NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրան մասնակցում են ոչ միայն փորձագետներ ու ձեռներեցներ, այլև պետական ​​պաշտոնյաներ։ Նրանք բոլորը կկարողանան ոչ միայն փորձի և կարծիքների փոխանակում կատարել, այլ նաև որոշումներ կայացնել, որոնք կարող են կյանքի կոչվել և երկրում բիզնես միջավայրն էլ ավելի գրավիչ դարձնել ներդրողների համար:

Ի՞նչ քայլեր են, ըստ փորձագետների, անհրաժեշտ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար։

Երկրի հարկային քաղաքականությունը կարևոր դեր է խաղում ներդրումների ներգրավման գործում, կարծում է Հարկերի և ներդրումների միջազգային կենտրոնի նախագահ Դեն Ուիթը։ 

«Լավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում։ Դա շատ մրցունակ տարածք է թե աշխատողների, թե ընկերությունների համար։ Մենք դրա ականատեսն ենք եղել 2022 թվականից, երբ հյուսիսից աշխատակիցների մեծ հոսք սկսվեց դեպի ձեր երկիր եւ ձեր հարեւան երկրներ, մինչեւ Պակիստան եւ Ղազախստան»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ եթե ​​ստեղծվեն գրավիչ հարկային պայմաններ՝ ավելի գրավիչ, քան դրանք հարևան երկրներում են, ապա դա շատ նոր ընկերությունների կգրավի դեպի երկիր և, համապատասխանաբար, նոր ներդրումներ: Այժմ, նրա կարծիքով, սա հատկապես արդիական է, քանի որ հնարավորություն կա ապահովելու հյուսիսից տեխնոլոգիական ընկերությունների և ՏՏ մասնագետների մեծ հոսք։

Ուիթի կարծիքով՝ կրթությունը նույնպես կարևոր դեր ունի երկիր ներդրումներ ներգրավելու գործում, քանի որ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար կարևոր է ոչ միայն բարենպաստ հարկային միջավայրը, այլև երկրում կրթական լավ մակարդակ ունեցող աշխատուժի առկայությունը։ Այս ուղղությամբ Հայաստանը, ըստ Ուիթի, արդեն որոշակի առաջընթաց է գրանցում, այդ թվում՝ Թումոյի նման կրթական հաստատությունների շնորհիվ։

«Կարծում եմ՝ Հայաստանի համար ուղեղների արտահոսքի մի փոքր վտանգ է առկա, երբ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Սինոփսիսը, Ֆիլիպ Մորիսն իր գիտահետազոտական կենտրոնով, Adobe-ն, գալիս են Հայաստան։ Դրանք աշխատանքի լավ հնարավորություններ են ստեղծում ձեր երիտասարդների համար, եւ դա շատ կարեւոր է ապագայի համար, քանի որ նրանք ոչ միայն աշխատողներ են, այլեւ հարկ վճարողներ։ Եթե նայեք ձեր հյուսիսային հարեւանին, հարավարեւելյան Ասիայի որոշ երկրների, հին եվրոպական երկրներին եւ նույնիսկ իմ երկրին, որտեղ աշխատուժի շուկայում հակառակ պատկերն է, եւ ավելի շատ մեծահասակ կադրեր կան, քան երիտասարդ, կտեսնենք, որ Հայաստանն այս հարցում ավելի բարենպաստ վիճակում է։ Դուք այդ երիտասարդ կադրերին պատրաստում եք ապագայի համար՝ հույսով եւ հնարավորություններով»,- հավելեց մասնագետը։

Մտավոր սեփականության պաշտպանությունը ևս մեկ կարևոր գործոն է, որին ապագա ներդրողները կարող են ուշադրություն դարձնել: Պետական առևտրի և սեփականության իրավունքների վերաբերյալ պարբերական վարկանշային աղյուսակներ կազմող Tholos հիմնադրամի փոխնախագահ Ֆիլիպ Թոմսոնը կարծում է, որ Հայաստանն արդեն իսկ ճիշտ քայլեր է արել այս ուղղությամբ և մտավոր սեփականության պաշտպանության վարկանիշով առաջ է տարածաշրջանի մյուս երկրներից։

«Հայաստանի դիրքը մտավոր սեփականության պաշտպանության վարկանշային աղյուսակում շատ մեծ աճ է գրանցել տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների համեմատությամբ՝ ավելի քան 211 տոկոսով։ Հայաստանը պետք է շարունակի այս ուղղությամբ ճիշտ քայլեր ձեռնարկել՝ երկիրը դարձնելով ապահով վայր ներդրումների համար։ Այստեղ մտավոր սեփականությունը պաշտպանող լավ օրենքներ կան, սակայն Հայաստանը կարող է ավելին անել՝ մասնավորապես թվային առևտրային պայմանագրերի ոլորտում։ Նոր կարգավորումներ մշակելիս պետք է ուշադիր լինել, որ դրանք հնարավորինս քիչ սահմանափակող բնույթ ունենան և նվազագույն ռիսկեր պարունակեն»,- նշեց մասնագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է նաև բարելավել իր լոգիստիկ հնարավորությունները, նվազեցնել որոշ սակագներ և ավելի շատ ապրանքներ ազատել մաքսատուրքից, ինչը մեծ ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա։

«Հայաստանն արդեն իսկ ունի շատ բնական խոչընդոտներ առևտրի համար, քանի որ չունի ելք դեպի ծով և հավելյալ խոչընդոտները միայն խանգարում են»,- հավելեց նա։

Ներդրողների համար Հայաստանի գրավչության բարձրացման կարևոր նախապայման կարող է լինել տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծումն ու կատարելագործումը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ելույթ ունենալով պանելային քննարկմանը, նշեց, որ կառավարությունը գիտի, որ դա առաջին հերթին իր պարտականությունն է, սակայն առանց մասնավոր հատվածի հետ համագործակցության նման էկոհամակարգ չի ստեղծվի։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնված լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականի վրա»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ կառավարությունն այժմ մշակում է ներդրումային միջավայրը զարգացնելու մեծ փաթեթ, օրենսդրական փոփոխություններ, որոնք կհեշտացնեն և կխթանեն այս գործընթացը, որը ներառում է նաև եկամտահարկի մի մասը ներդրողին վերադարձնելու հնարավորությունը։ Կառավարությունը նախատեսում է նաև ներդրումներ կատարել կրթական ծրագրերում՝ ավելի մրցունակ մասնագետներ պատրաստելու համար:

Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է, քանի որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն առանցքային դեր է ունենալու Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և երկրի կայունության բարձրացման ռազմավարության իրականացման գործում։

«Եվրոպական բիզնես ասոցիացիան մեծ դեր է խաղում մասնավոր և պետական հատվածների երկխոսությունը կազմակերպելու գործում՝ նախանշելով այն ոլորտները, որտեղ Հայաստանի տնտեսությունն իրապես մրցունակ կարող է լինել։ Այնպես որ, այսօրվա միջոցառումից մեծ ակնկալիքներ ունենք։ Կարծում եմ՝ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, դիմադրողականությունը, մրցունակությունը բարձրացնելու համատեքստում բարձր տեխնոլոգիաների ոլորտը իսկապես հսկայական ներուժ ունի, և հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես կարելի է այդ ներուժն օգտագործել։ Այդ պատճառով ենք մենք այսօր այստեղ։ Մենք լիովին սատարում ենք Եվրոպական բիզնես աոսիացիայի բոլոր նախաձեռնությունները և այսօր շատ գոհ ենք՝ տեսնելով այստեղ ոչ միայն մեծ թվով ներդրողների, այլև կառավարության ներկայացուցիչների»,- նշեց դեսպանը։

Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև ՎԶԵԲ տարեկան համաժողովի որոշ հյուրեր:

«Ավելի քան 2000 արտասահմանցի ներդրողներ այս շաբաթ գալիս են Հայաստան, մենք ՎԶԵԲ-ի փորձագետներին հրավիրել ենք ելույթ ունենալ մեր միջոցառմանը»,- նշեց Դիանա Սարումովան։

Նշենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո անցկացվող այս պանելային քննարկումը մեկն է Եվրոպական բիզնես ասոցիացիայի մի շարք միջոցառումներից՝ ուղղված Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Ողջ տարվա ընթացքում ասոցիացիայի աշխատանքային խմբերի փորձագետները քննարկում և վերլուծում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների խնդիրները և կառավարությանը ներկայացնում համապատասխան առաջարկներ, որոնք կառավարությունը կարող է ներառել  երկրի զարգացման իր ռազմավարության մեջ։ Այսպիսով, Եվրոպական բիզնես ասոցիացիան օգնում է Հայաստանին՝ իրականացնելու իր ապագա տնտեսության տեսլականը, որին, ըստ փորձագետների, հնարավոր է հասնել 3-5 տարում, եթե ճիշտ քայլեր ձեռնարկվեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են...
2024-ի հունվար-մայիսին ՀՀ տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ. Պապոյան
Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը...
Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է...
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը...
Էկոնոմիկայի փոխնախարարը Նորվեգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Քննարկվել են ՀՀ-ի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ