News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կրթության և գիտության նախարարության կողմից Արցախի պետական համալսարանում ընդունելության պլանի հաստատման մասին:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Արցախի պետական համալսարանի անվանումն ու արտաքին տեսքը ձևախեղելուց հետո Ադրբեջանի կրթության և գիտության նախարարը հայտարարել է ընդունելության պլանի հաստատման մասին։ Ըստ նախարարի՝ այդ համալսարանում պետք է սովորեն 1200 ուսանողներ։ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 150 հազար հայության էթնիկ զտումից հետո Ադրբեջանի կողմից նման քայլերի իրականացումը և դրանց փաթեթավորումը որպես քաղաքակրթական ձեռքբերում ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան հենց քաղաքակրթական վանդալիզմ: Հայաթափված Ստեփանակերտում համալսարանի բացումը և այնտեղ 1200 ուսանողների ադրբեջանական կրթության կազմակերպման պատրաստակամությունը խիստ բնական հարց է առաջացնում, թե կրթության խնդրով այդքան «մտահոգ» Ադրբեջանը ինչու էր քանիցս խախտում Լեռնային Ղարաբաղի հայության կրթության իրավունքի իրացումը։

2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, գրավյալ տարածքներում հայ բնակչության բռնի տեղահանման, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմի հետևանքով ի թիվս այլ հիմնարար իրավունքների արմատապես խախտվել է նաև Լեռնային Ղարաբաղի հայության կրթության իրավունքը։ Պատերազմական գործողությունների ժամանակ դասապրոցնեսների ընդհատումը, Լաչինի միջանցքի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը, մշտական գոյութենական սպառնալիքը անհնար են դարձրել դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը։ Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բոլոր դպրոցահասակները և ուսանողները զրկված են իրենց ծննդավայրում կրթության հնարավորությունից։

Ստեփանակերտում, ուր ամենօրյա ռեժիմով ոչնչացվում և այլակերպվում է հայկական ազգային հոգևոր մշակութային միջավայրը, ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի։ Նման քաղաքականություն է տարվել նաև պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում, որտեղ գործել են խոշոր հայկական և հայագիտական կրթօջախներ։ Նախիջևանը պատմականորեն եղել է հայոց գրչության կենտրոններից մեկը, Գարդմանի եկեղեցիներին և վանքերին կից գործել են դպրոցներ, Բաքվում ընդհուպ մինչև խորհրդային տարիներին գործել են բազմաթիվ հայկական կրթական հաստատություններ, սակայն այս բոլորը հայ բնակչության բռնի տեղահանմամբ և Ադրբեջանի ջանքերով փորձում են մատնել խորը մոռացության։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող էր կատարել Ադրբեջանը հայ բնակչության անվտանգ և երաշխավորված վերադարձի գործընթաց նախաձեռնելն էր միջազգային նորմերին համապատասխան։ Մինչդեռ բռնի տեղահանման ենթարկված հայության անօտարելի իրավունքների խնդիրը շարունակում է Դամոկլյան սրի նման կախված մնալ Ադրբեջանի իշխանությունների գլխին։ Վերջիններս հույսեր են փայփայում, որ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Գետաշենի, Մարունաշենի և պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի նման Լեռնային Ղարաբաղի հայաթափումը կարող են անհետևանք վերածել անդարձելի իրողության, մինչդեռ այդ գործելակերպը վաղուց դուրս է եկել հավանականության բոլոր սահմաններից և ընդունել դեգրադացված մենիշխանության անադեկվատ դրսևորման տեսք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ օրս ԱՄՆ-ն ՀՀ-ին տրամադրել է 15 մլն դոլար մարդասիրական օգնություն, որի չնչին մասն է ուղիղ հատկացվել փախստականներին
ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ...
Ինչպես պետք է բնակապահովման ծրագրի շրջանակում արցախցիները առցանց դիմում ներկայացնեն. Հայտնի է քայլերի հերթականությունը
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական…
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
ԵԽ ECRI հաշվետվությունը. Ավելի քան 100 000 հայեր հեռացել են իրենց տներից Ադրբեջանի ռազմական գորոծղության հետեւանքով
Համարժեք արձագանք տեղահանված անձանց...
Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի..
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Ամենաշատ