News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Հստակ ժամկետներ չեն նշել, բայց ասել են՝ պետք է լքեք ձեր տները: Գյուղացիները չեն համաձայնել ո՛չ իրենց տները թողնել, ո՛չ էլ դրանց համար փոխհատուցում ստանալ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով այն մասին, որ իշխանությունները այն կիրանցեցիներին, որոնց տները սահմանազատման և սահմանագծման հետևանքով հայտնվելու են Ադրբեջանի տիրապետության տակ, պահանջում են հեռանալ իրենց տներից:

«Մարդիկ չեն կարողանում դա ընդունել, ո՞նց իրենց տները լքեն ու թողնեն ադրբեջանցուն»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը: Խոսելով այն մասին, որ մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակ հատվածը, Գառնիկ Դանիելյանն ասաց, որ դա մարզպետի այցի հետ կապ չունի, ճանապարհը ժամանակ առ ժամանակ բացվում է և կրկին փակվում:

«Մարդկանց տրամադրվածությունը չի փոխվել: Ուղղակի լինում է, որ օրինակ,  հիվանդ են տեղափոխում այդ ճանապարհով, և գյուղացիները ստիպված բացում են ճանապարհը»,-ասաց պատգամավորը:

Կիրանցի բնակիչ Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզպետի հետ հանդիպմանը ներկա չեն եղել այն գյուղացիները, որոնց տները անցնելու են Ադրբեջանի տիրապետության տակ: «Նրանք միայն գնացել են, մարզպետին ասել, որ փոխհատուցման մասին լսել չեն ուզում ու դուրս եկել, հանդիպմանը ներկա չեն գտնվել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փակ հանդիպում էր կազմակերպել Կիրանցի 10-12 տղամարդու հետ: Հանդիպման ընթացքում նա կրկին խոսել էր փոխհատուցման մասին, հորդորել գյուղացիներին բացել ճանապարհը և համաձայնել իշխանությունների պահանջներին: Հանդիպումից հետո մարզպետը՝ առանց այլ գյուղացիների հարցերին պատասխանելու, հեռացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ