News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում այսօր՝ մայիսի 17-ին կազմակերպության գիտական և գիտատեխնիակական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովում կայացավ տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուների նախնական քննարկում և տնօրենի թեկնածուների վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկություն: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ քվեարկության արդյունքներով՝ 125 մասնակցից 121-ը կողմ են քվեարկել Բյուրոյի գործող ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանի օգտին: Թեկնածուներից Գևորգ Մարգարյանը, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է և ըստ մամուլի հրապարակումների՝ գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն, ստացել է ընդամենը մեկ քվե: Մեկ ձայն է ստացել նաև թեկնածուներից Գարիկ Աղաբեկյանը:

Հիշեցնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ էին ներկայացրել Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Հայկ Ծատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նախկին իրավախորհրդատու Գևորգ Մարգարյանը, առողջապահության նախարարարության «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթելու համար 2018թ. առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրված և մեղքն ընդունելու արդյունքում համաներված  Գարիկ Աղաբեկյանը, ինչպես նաեւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանը:

Բյուրոյի անձնակազմի ժողովին հայտնի դարձավ, որ թեկնածուներից Հայկ Ծատուրյանը հրաժարվել է մասնակցել ընտրությանը, քանի որ չունի գիտակազմակերպական աշխատանքի փորձ, իսկ Գարիկ Աղաբեկյանն այս փուլին հրաժարվել է ներկայանալ և պատասխանել Բյուրոյի գիտական անձնակազմի հարցերին:

Նշենք, որ Բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանի թեկնածությունն առաջադրել է կազմակերպության գիտական անձնակազմը, իսկ մյուս երեք թեկնածուներն ինքնառաջադրվել են: «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրակարգի» համաձայն՝ Բաժանմունքի բյուրոյի և ՀՀ ԳԱԱ անդամների կողմից առաջադրումների կամ ինքնաառաջադրումների դեպքում ներկայացված բոլոր թեկնածուները նախնական քննարկում են անցնում տվյալ կազմակերպության գիտական անձնակազմի ժողովում և փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացվում են համապատասխան բաժանմունք:

Ըստ գործող ընտրակարգի՝ տնօրենի պաշտոնի թեկնածություններն առաջադրվում են օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող անձանց թվից և պետք է ունենան գիտական աստիճան, ընտրության պահին լինեն 65 տարեկանից ցածր տարիքի, ունենան գիտակազմակերպական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ համապատասխանեն գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթը տեղի կունենա մայիսի 30-ին: Բյուրոյի տնօրենին ընտրելու է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, որի կազմում են ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ